Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 17-ը սեպտեմբերի)

«Եթե որեւէ մեկը կարծում է, թե երեք տարի առաջ Ջորջ Բուշը կանչել է Սահակաշվիլուն եւ ասել՝ «Էս Շեւարդնաձեն համը հանեց. նշանակում եմ քեզ Վրաստանի հաջորդ նախագահ: Ահա քեզ մի փունջ վարդ՝ արա քո հեղափոխությունը», ապա այդպես մտածողները միամիտ մարդիկ են», - բնորոշում է «Առավոտ»-ի խմբագիրը: - «Ճիշտ հակառակը՝ շատ հավաստի տվյալներով, նույնիսկ այն ժամանակ, երբ ժողովուրդը արդեն մի քանի օր Թբիլիսիի փողոցներում էր, ամերիկացիները այնքան էլ հակված չէին իշխանափոխությանը»: Արամ Աբրահամյանի մատուցմամբ, այստեղ գործում է ընդհանուր օրենքը՝ «աջակցում են կայացածին, իրենից ինչ-որ բան ներկայացնողին, ուժեղին, հաղթողին»:

«Չորրորդ իշխանության» մեկնաբանը, հակադարձելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն բոյկոտելու ընդդիմության մի մասի դիրքորոշմանը, տարակուսում է. - «Ինչպե՞ս կարելի է քաղաքական հաջողության հասնել, եթե կարեւորագույն խնդրի քննարկման ժամանակ ժողովրդին կոչ են անում չմասնակցել գործընթացին եւ հանգիստ տանը նստած նարդի խաղալ»:

Դաշնակցությունը, «Հայոց աշխարհ»-ի փոխանցմամբ, ձեռնամուխ է եղել Երեւանի մասին օրենքի մշակմանը, ուր հստակեցվելու է, թե ինչպես է ընտրվելու քաղաքապետը: «Հեղինակների համար երկընտրանք չկա», - ընդգծում է թերթը՝ ներկայացնելով կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հրայր Կարապետյանի խոսքերը. - «ՀՅԴ-ն կողմնակից է այն տարբերակին, որ պետք է ձեւավորվի Երեւանի խորհուրդ, եւ խորհուրդը պետք է ընտրի քաղաքապետ»:

«Հայկական ժամանակ»-ի հարցազրույցում պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը, անդրադառնալով «Հանրապետութուն» կուսակցության պառակտումը Սերժ Սարգսյանի հետ կապելու լուրերին, նշում է. - «Երկրում կատարվող բոլոր պրոցեսները այնպես են կապել պաշտպանության նախարարի անվան հետ, որ ժողովրդի մեջ արդեն մեխվել է այն գիտակցությունը, որ Հայաստանի հաջորդ նախագահը լինելու է Սերժ Սարգսյանը: Ում հարցնում ես, ասում է, որ եթե երկրում եւ երկրից դուրս ամեն ինչ պաշտպանության նախարարն է որոշում, ուրեմն նա էլ լինելու է հաջորդ նախագահը», - շարունակում է պատգամավորը՝ այս հարցում մեղադրելով ընդդիմությանը. - «Սերժ Սարգսյանին այլընտրանք չլինելու գիտակցությունը ժողովրդի մեջ ամրապնդեց հենց ընդդիմությունը՝ իր ներսում տեղի ունեցող ցանկացած պառակտում կապելով նրա անվան հետ: Եթե մեկին անընդհատ, ցանկացած իրավիճակում ներկայացնում ես որպես ամենահզոր եւ ամենակարող, դա ենթագիտակցորեն ազդում է ժողովրդի վրա: Եվ թող վաղը ընդդիմությունը գլխին չտա, թե ինչո՞ւ ժողովուրդը գնաց եւ ընտրեց ամենահզորին: Այդ ընդդիմությունը նրան դարձրեց թիվ մեկ հզորը»:

«Կասկածելի վարկ ունեցող նախկին նախարար Գառնիկ Նանագուլյանը այժմ ղեկավարում է Հայ օգնության ֆոնդի Նյու Յորքի գրասենյակը», - գրում է «Առավոտ»-ը: - «Նանագուլյանը Հայաստանում պաշտոնավարած թերեւս ամենաանձեռնմխելի նախարարն է եղել. բոլոր կասկածելի իրավիճակներում նրան փրկել է ինչ-որ առեղծվածային ուժ: 1996-98 թվականներին Հայաստանի արդյունաբերության պատասխանատուն աչքի է ընկել այդ տարիներին իրականացրած մի շարք սեփականաշնորհումներով («ԱրմենՏել», «Արմենիա» հյուրանոց, Սոտքի ոսկու հանքեր), որոնք մամուլը բնորոշել է իբրեւ «մութ գործարքներ»»:

«Հայոց աշխարհ»-ի մատուցմամբ, Միացյալ Նահանգների Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող միաժամանակ երկու բանաձեւերի ընդունումը Թուրքիայի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքական նոր ճնշումների սկիզբն է՝ Եվրամիության հետ այդ երկրի բանակցությունների ճիշտ նախօրեին: «Ամերիկյան կողմը համոզված է, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանը խոչնդոտելու համար Թուրքիան ստիպված կլինի դիմել լուրջ զիջումների ե’ւ Եվրամիությանը, ե’ւ իրեն [Միացյալ Նահանգներին]», - գրում է մեկնաբանը՝ շեշտադրելով. - «Այդ երկու բանաձեւերը ոչ այլ ինչ են, եթե ոչ Թուրքիային ուղղված վերջնագրեր»: «Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, անդրադառնալով բանաձեւերի ընդունումից հետո սպասվող քայլերին, նաեւ նշում է. - «Չի բացառվում, որ բանաձեւը կրկին գործարքի առարկա դառնա ու չհայտնվի Կոնգրեսի լիագումար նիստում միայն այնպիսի լրջագույն քայլի դիմաց, ինչպես օրինակ հայ-թուրքական սահմանի բացումն է»: «Առավոտ»-ի գնահատմամբ, մի բան միանշանակ է՝ ՀՀ իշխանությունները Հայաստանի բնակչության ուշադրությունը ներքին սուր խնդիրներից առժամանակ շեղելու լավ հնարավորություն են ստացել:

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի շտապում պատասխանել «Միդլենդ ռիսորսիզ»-ի առաջարկությանը՝ բաշխիչ ցանցերը ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը վաճառելու վերաբերյալ», - գրում է «Հայոց աշխարհ»-ը՝ փոխանցելով. - «Հանձնաժողովից տեղեկացրել են, թե եզրակացությունը գտնվում է աշխատանքային փուլում: Առայժմ հայտնի չէ, թե դա երբ կարող է վերջնական տեսք ստանալ»: Ըստ թերթի, սակայն, «ակնհայտ է, որ հանձնաժողովը սպասում է կառավարության վերջնական որոշմանը, թեպետ, «ըստ էության, ամեն ինչ արդեն վճռված է»:

«Հայկական ժամանակ»-ի փոխանցմամբ, թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Եղիշե Տերտերյանը որոշել է իրենց ընտրատարածքի տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների տվյալները դարձնել «պետական գաղտնիք» եւ չտրամադրել Կենտրոնի թաղապետի թեկնածու Ռուզան Խաչատրյանի վստահված անձին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG