Մատչելիության հղումներ

logo-print

Երեւանում կկայանա Հայաստանի զարգացմանը նվիրված համաժողով


«Հայաստան 2020» ծրագրի նախաձեռնությամբ սեպտեմբերի 20-ին Երեւանում տեղի կունենա համահայկական համաժողով՝ «Հայաստանի մրցունակության ու արտադրողականության աճ. կայուն զարգացման ռազմավարություն» թեմայով:

Ըստ ծրագրի հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, համաժողովի ընթացքում կներկայացվեն «Ազգային զարգացման ծրագրի» եւ «Հայաստանի մրցունակության հիմնադրամ»-ի հիմնական գաղափարները: Ներկայացվելու եւ քննարկվելու են նաեւ Հայաստանում առանձին սեկտորների զարգացման հնարավորություններն ու հեռանկարները, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, առողջապահության, ոսկերչության եւ ադամանդագործության ոլորտներում:

Համաժողովի հայաստանցի մասնակիցների թվում են Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի, պաշտպանության, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարները, Հայաստանի նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը:

«Հայաստան 2020» կազմակերպության նպատակն է 2020 թվականին Հայաստանը դարձնել աշխարհին առավել տեսանելի եւ մրցունակ ու նպաստել Հայաստանի զարգացման ռազմավարական զարգացմանը: Ծրագրի շրջանակներում կատարվել են Հայաստանի զարգացման համար վճռորոշ նշանակություն ունեցող ոլորտների ուսումնասիրություն եւ դրանց հիման վրա բազմաթիվ քննարկումների արդյունքում մշակվել երկրի զարգացման այլընտրանքային 4 մոդել՝ «Հայաստան 2020 սցենարներ»-ի տեսքով: Սցենարների մշակման հիմքում ընկած են լայնածավալ հետազոտություններ Հայաստանի զարգացման համար վճռորոշ նշանակություն ունեցող բնագավառների վերաբերյալ: Ուսումնասիրությունների վրա ծախսվել է մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար:

Ծրագիրը 2001 թվականին հիմնադրել են մի խումբ հայ ձեռներեցներ Հայաստանից եւ սփյուռքից: Ծրագիրը ֆինանսավորվում է անհատների կողմից, որտեղ մեծ է համակարգող խորհրդի անդամների ներդրումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG