Մատչելիության հղումներ

Օսկանյանը եւ Մամեդյարովը ՄԱԿ-ում անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին


ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական 60-րդ նստաշրջանում կիրակի օրը ելույթ են ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանը եւ Էլմար Մամեդյարովը:

Վարդան Օսկանյանը նախ փաստել է, որ Հայաստանը ՄԱԿ-ի Մարդկային զարգացման վերջին զեկույցի սանդղակով 83-րդ տեղում է եւ առաջ է անցել իր հարեւաններից:

«Այս ամենին մենք հասել ենք հակառակ ոչ շահեկան աշխարհաքաղաքական դիրքի», - նշել է Հայաստանի արտգործնախարարը՝ արձանագրելով, որ Հայաստանը չունի ծովային սահմաններ եւ նավթային պաշարներ:

«Բայց եթե ունենայինք նավթային եկամուտներ, մենք դրանք կծախսեինք կրթության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության նպատակներով, բայց ոչ երբեք՝ ռազմական բյուջեն կրկնապատկելու համար», - հայտարարել է Վարդան Օսկանյանը՝ ակնարկելով Ադրբեջանը:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, նախարար Օսկանյանը ՄԱԿ-ի ամբիոնից փաստել է. - «Ղարաբաղի հայերը հասել են դե ֆակտո անկախության եւ ապացուցել ողջ աշխարհին, որ կարող են պաշտպանել այդ անկախությունը, կառավարել իրենք իրենց, ժողովրդավարական ինստիտուտներ ստեղծել եւ ընտրություններ անցկացնել»:

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը, իր հերթին, ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ Ադրբեջանի տեսակետը:

«Նախ հայերը պետք է դուրս բերեն իրենց զորքերը գրավյալ տարածքներից, որպեսզի ձերբազատվեն օկուպանտների պիտակից եւ վստահության մթնոլորտ ստեղծեն», - հայտարարել է Էլմար Մամեդյարովը: - «Փախստականները պետք է վերադառնան իրենց տները, Ղարաբաղում պետք է ստեղծվի տեղական ոստիկանություն՝ հայերի եւ ադրբեջանցիների անվտանգությունն ապահովելու համար: Պետք է բացվի հնարավորություն, որպեսզի Ղարաբաղի հայերը հաղորդակցվեն Հայաստանի, իսկ Նախիջեւանի ադրբեջանցիները՝ Ադրբեջանի հետ»:

«Այս իմաստով, Լաչինի միջանցքը պետք է վերածվի խաղաղության ճանապարհի, որը պետք է օգտագործվի երկու ուղղությամբ էլ, եւ նախնական փուլում պետք է վերահսկվի միջազգային խաղաղապահ ուժերի կողմից», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG