Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայոց աշխարհ»-ում քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը սահմանում է. - «Իշխանությունը գնդակ չէ, որ պետք է փախցնել, այլ կարկանդակ, որ պետք է բաժանել»:

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկատվությամբ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի եղբայր, Ազգային ժողովի պատգամավոր Սաշիկ Սարգսյանը Լոս Անժելեսում «սկսել է անշարժ գույք ձեռք բերել եւ բիզնեսով զբաղվել»: «Բայց երբ նրա կողմից ձեռք բերված անշարժ գույքի արժեքը գերազանցել է 12 միլիոն դոլարի սահմանը, դա անմիջապես գրավել է ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ուշադրությունը... Սաշիկ Սարգսյանից պահանջվել են ունեցվածքի հայտարարագիր ներկայացնել, ինչն էլ Ազգային ժողովի պատգամավորը կատարել է՝ ամերիկյան իրավապահներին ցույց տալով 30 միլիոն դոլարի հայտարարագիր»:

«Հայկական ժամանակ»-ը, գրելով, թե «Սեփականության իրավունքի խախտումների մասին» ՀՀ օմբուդսմենի զեկույցի աշխատանքային տարբերակին հաջողվել էր ծանոթանալ մինչեւ զեկույցը օմբուդսմենի ինտերնետային էջում դնելը, շարունակում է. - «Երեկ մենք հայտնաբերեցինք, որ զեկույցը կայքում տեղադրելուց առաջ որոշակիորեն մեղմացվել է. զեկույցի նախնական տարբերակի որոշ խիստ գնահատականներ դուրս են մնացել վերջնական տարբերակից»: «Ակնհայտ է, որ օմբուդսմենը փաստաթուղթը երրորդ ընթերցմամբ ընդունելուց առաջ զգուշացել է որոշ ատյաններին նեղացնելուց», - գրում է «Հայկական ժամանակ»-ը: - «Մասնավորապես՝ զեկույցից հանվել են վարչապետ Անդրանիկ Մարգարյանին ուղղված որոշ դառը խոսքեր եւ Ռոբերտ Քոչարյանին ուղղված կոչը, որով Լարիսա Ալավերդյանը եզրափակել էր զեկույցը՝ հուսալով, թե «որպես Սահմանադրության երաշխավոր նա կպարտավորեցնի պատշաճ մարմիններին իրականացնել քաղաքացիների խախտված իրավունքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ քայլեր»:

Առաջիկա տեղական ինքակառավարման մարմիների ընտրություններում Հայաստանի թվով 41 ընտրատարածքային ոչ մի հանձնաժողովում ընդդիմության՝ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության», որեւէ ներկայացուցիչ չի ընտրվել ո’չ հանձնաժողովի նախագահի, ո’չ տեղակալի, ո’չ էլ քարտուղարի պաշտոններում», - բացահայտել է «Առավոտ»-ը: - «Բոլոր այդ պաշտոնները ստանձնել են կամ ՀՀ նախագահի, կամ էլ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչները»:

Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանի հնչեցրած մեղադրանքներին, թե «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանի բիզնեսը, մասնավորապես, նրա գարեջրի գործարանը, ստեղծվել է նաեւ ավանդատուներին չվերադարձված գումարների հաշվին, Բալասանյանը «Առավոտ»-ում պատասխանում է. - «Ինչ ուզում է թող ասի... Սամվել Բալասանյանը 88 թվականից երկրաշարժի գոտում աշխատատեղեր է ստեղծել եւ մինչեւ հիմա ստեղծում է: Իմ կենսագրությունը կա, կարող եք վերցնել ինտերնետային կայքից, «Ով ով է» գրքից: Ես թաքցնելու բան չունեմ»:

«Եթե Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հերթական անգամ օգտագործվում է ԱՄՆ-ի կողմից իբրեւ Թուրքիայի «ձեռքերը ոլորելու» միջոց, ապա Հայաստանը իրավունք ունի ակնկալելու Միացյալ Նահանգներից, որպեսզի վերջինս գոնե չմոռանա, որ ցեղասպանության ենթարկված երկիրը՝ Հայաստանը շարունակում է շրջափակված մնալ Թուրքիայի կողմից», - ձեւակերպել է «Հայոց աշխարհ»-ը:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթի հարցազրույցում կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը, լուրջ հիմնախնդիր համարելով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչությունը, ընդգծում է. - «Սա ընդդիմության եւ իշխանության հարց չէ, սա մեր երկրի ապագայի հարց է: Կարեւորը հանրաքվեին մասնակցելն է, որովհետեւ «ոչ» ասելը շատ դժվար է, եւ եթե ուշադրություն դարձրել եք, ընդդիմությունը նախընտրում է բոյկոտի տարբերակը, որովհետեւ նախագիծն այնքան լավն է, որ շատ լուրջ պատասխանատվություն է պետք «ոչ» ասելու համար»: «Այբ-Ֆե»-ում, մինչդեռ, նշված է. - «Ընդդիմությունը «ոչ» է ասելու կոալիցիոն կառավարության առաջարկած սահմանադրական փոփոխությունների նախագծին, սակայն տակտիկական խնդիրները դեռ քննարկման փուլում են»:

«Օրինաց երկիր» կուսակցության ներկայացուցիչ Մհեր Շահգելդյանը, համեմատելով Հայաստանի եւ Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակները, «Հայոց աշխարհ»-ում ուրվագծում է. - «Ադրբեջանի իշխանությունները մերժել են Ընտրական օրենսգիրքը բարեփոխելու Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները՝ իրենց համար դեռ նախընտրական շրջանում ստեղծելով պրոբլեմներ: Իսկ մենք ոչ միայն բարեփոխել ենք Ընտրական օրենսգիրքը, այլեւ հանրաքվեի ներկայացվելիք սահմանադրական փոփոխությունների փաթեթը արժանացել է դրական գնահատականների ԱՄՆ-ի եւ եվրոպական կառույցների կողմից»: «Եթե կարողանանք այս առավելությունները ճիշտ օգտագործել, Ադրբեջանի համեմատ կհայտնվենք ավելի նպաստավոր դիրքում, ինչը կարեւոր է նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում մեր տեսակետները պաշտպանելու առումով», - ասում է Շահգելդյանը:

«Հայոց գրերեի գյուտի 1600-ամյակին նվիրված գիտաժողովից առաջ Գիտությունների ակադեմիայի Փիլիսոփայության եւ սոցիոլոգիայի ինստիտուտի հետազոտությունների կենտրոնը հարցում է անցկացրել՝ պարզելու հայոց այբուբենի մասին երեւանցիների իմացության մակարդակը», - փոխանցում է «Ազգ»-ը՝ բերելով հետեւյալ տվյալները. - «Մայրաքաղաքում հարցված 1200 ընտանիքների 18 տարեկանից բարձր անդամների միայն 30 տոկոսն է իմացել հայոց գրերի ստեղծման ստույգ թվականը: Նույնքան տոկոս են կազմել գյուտի 1600-ամյա լինելու փաստի մասին իմացողները: Մյուսները նշել են, որ գրերը «վաղուց» են ստեղծվել՝ ասելով տարբեր եւ ոչ ճիշտ թվականներ»: Հարցվածների միայն 40 տոկոսն է իմացել հայոց այբուբենի տառերի ստույգ քանակը: «Հուսադրող է», - գրում է «Ազգ»-ը, - «որ հարցվածների 97 տոկոսն իմացել են, որ հայոց գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը: Միայն 3 տոկոսն է նշել Մովսես Խորենացու անունը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG