Մատչելիության հղումներ

Կոնգրեսի հանձնաժողովը ընդունել է Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հինգշաբթի օրը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացրած օրինագիծը՝ երկու բանաձեւերի տեսքով:

Լսումներում առաջինը ձայն ստացավ Ադամ Շիֆը, ով ներկայացրեց ցեղասպանությունը հաստատող փաստեր՝ ընդգծելով, որ ներկայումս Թուրքիայի կառավարությունը մերժում է դրանք:

Նա նաեւ անընդունելի որակեց ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից նախորդ օրը Կոնգրեսի հանձնաժողովին հղած նամակը, թե բանաձեւի ընդունումը կարող է վնասել ամերիկա-թուրքական կամ հայ-թուրքական հարաբերությունները:

Այնուհետեւ հանդես եկան շուրջ երկու տասնյակ կոնգրեսականներ, որոնց մեծ մասը հայտարարեց Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ-ի կողմից ճանաչելու կարեւորության մասին: Մի քանի կոնգրեսական, թեեւ հանդես եկան զգուշավորության տեսանկյունից, նույնպես հայտարարեցին օրինագծի օգտին քվեարկելու մտադրության մասին: Մերժողական դիրքերից հանդես եկան ընդամենը 3 կոնգրեսական:

«Մենք հիացած ենք քվեարկության արդյունքներով», - լսումների ավարտին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Ադամ Շիֆը: - «Քվեարկությունը անցավ անկողմնակալ մթնոլորտում, այն համապատասխանում էր հանձնաժողովի անդամների դիրքորոշմանը: Կարեւոր է նաեւ, որ օրինագծի օգտին քվեարկեց հանձնաժողովի նախագահ Հենրի Հայդը»:

2000 թվականին Շիֆի ներկայացրած օրինագիծը վերջին պահին հանվել էր ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգից՝ նախագահ Քլինթոնի միջամտության արդյունքում: Քլինթոնը այն ժամանակ զգուշացրել էր Կոնգրեսի նախագահ Դենիս Հասթերթին, թե օրինագծի ընդունումը կարող է «հեռու գնացող բացասական հետեւանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար»:

«Այո, այդ պահը շատ մտահոգիչ է: Այժմ պետք է պարզել, թե որքանով է մեծ այս հարցի նկատմամբ աջակցությունը ամբողջ պալատում: Հույս ունեմ, որ Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստը կունենա այն համարձակությունը, որն այսօր ցույց տվեց արտաքին հարաբերությունների հանձնաժողովը», - նշեց կոնգրեսական Շիֆը:

Ինչ վերաբերում է ամերիկյան շահերին եւ Թուրքիայի հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին, ապա, ըստ Ադամ Շիֆի, «ցեղասպանության հարցը չէ, որ պետք է որոշի երկու երկրների միջեւ հարաբերությունները» եւ «այն չի տանի կամուրջների փլուզմանը»:

Կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Ջորջ Ռադանովիչի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած թիվ 316 բանաձեւը ԱՄՆ նախագահին կոչ է անում ապահովել, որ Հայոց ցեղասպանության իրողությունը ճշմարտացիորեն արտացոլվի ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ: Ավելի քան 120 կոնգրեսականներ պատրաստակամություն են հայտնել աջակցել բանաձեւի ընդունմանը:

Երկրորդ օրինագիծը՝ թիվ 195 բանաձեւը, որի քննարկումը հետաձգվել էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ ձեռք բերված համաձայնության արդյունքում, տարածաշրջանային հարցերին վերաբերող մի ընդարձակ փաստաթուղթ է եւ, այլ հարցերի շարքում, հաստատում է Հայոց ցեղասպանության փաստը:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG