Մատչելիության հղումներ

«Հանրապետություն» կուսակցության նախկին ղեկավար անդամները հիմնադրելու են նոր կուսակցություն


Անցած շաբաթ ընդդիմադիր «Հանրապետություն» կուսակցությունից դուրս եկած Ալբերտ Բազեյանն ու Վաղարշակ Հարությունյանը չորեքշաբթի օրը հրավիրած ասուլիսում հայտարարեցին, թե մոտ ապագայում ստեղծելու են նոր կուսակցություն:

Ըստ Վաղարշակ Հարությունյանի, «Հանրապետություն» կուսակցությունից հեռանալու առաջարկ իրենց արել էր Արամ Սարգսյանը:

«Արամ Սարգսյանի հետ իմ վերջին զրույցում, նույն զրույցը եղել է Ալբերտ Բազեյանի հետ, նա ասել է, որ այս տարաձայնությունների պարագայում հնարավոր չէ շարունակել», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ ավելացնելով, թե Արամ Սարգսյանը իրենց առաջարկել է ստեղծել նոր կուսակցություն: - «Հիմա ես հարց եմ տալիս. դրանից հետո մենք ի՞նչ պետք է անեինք»:

Ալբերտ Բազեյանի փոխանցմամբ, իրենք միշտ փորձել են պահել կուսակցության միասնականությունը, եւ դա է եղել պատճառը, որ գաղափարական տարաձայնություների մասին չեն խոսել: Տարաձայնությունները, ըստ Բազեյանի, սկսվել էին մեկ տարի առաջ, երբ չգիտես ովքեր «ինչ-ինչ նկատառումներով Արամ Սարգսյանին եւ մյուսներին համոզեցին, թե իբր Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու որոշումը Միացյալ Նահանգներում ընդունված է, եւ ընտրյալ են լինելու այն քաղաքական գործիչներն ու ուժերը, ովքեր կորդեգրեն ամերիկամետ դիրքորոշում:

«Մեզ փորձում էին շահագրգռել, թե՝ գիտեք, տղերք, հեսա շատ մեծ փողեր են գալու», - ասաց Բազեյանը: - «[Մենք] փորձեցինք բացատրել՝ այստեղ, հավանաբար, ինչ-որ սցենար է խաղարկվում, որին վստահել չի կարելի: Բայց ապարդյուն: Մեր բոլոր փորձերը համոզելու մեր գործընկերներին թողնել այդ պատրանքները եւ զբաղվել իրական ծրագրային քաղաքական գործունեությամբ՝ ընդդիմադիր ուժերի համախմբման հարցերով, մնացին անարդյունք»:

Ալբերտ Բազեյանը տեղեկացրեց, որ մեկ ամիս անց կկայանա նոր կուսակցության հիմնադիր ժողովը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG