Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Գունավոր եւ անգույն հեղափոխությունները «խժռում» են վարչապետերին» ընդգծված վերնագրի ներքո «Ազգ»-ը թվարկում ՝ Վազգեն Մանուկյան, Ջաբա Իոսելիանի եւ Թենգիզ Կիտովանի, Սուրեթ Հուսեյնով, Վազգեն Սարգսյան, Ջորան Ջինջիչ, Ձուրաբ Ժվանիա, Յուլիա Տիմոշենկո… «Ո՞վ է հաջորդը», - բազմակետված է թերթում:

«Հայկական ժամանակ»-ի մեկնաբանը, դիտարկելով, թե «քաղաքական դեգրադացիայի եւ լճացման հիմնական պատճառը «ետ մնացած» առաջնորդներն են, ընդգծում է. - «Հանրությունը իր քաղաքական կյանքի բոլոր փուլերում առաջնորդվում է միեւնույն ստերեոտիպերով՝ այդպես էլ անհաղորդ մնալով նոր գաղափարների եւ մոտեցումների»: Թերթի բնութագրմամբ, այսօր մեր քաղաքական դաշտում գտնվող լիդերները որեւէ բան չունեն ասելու հանրությանը, եւ «նրանց միակ ֆունկցիան կոշկակարների բուդկաներում, կնունքի սեղանների շուրջ, դպրոցական ուսուցչանոցներում խոսացվածը հավաքելը ու դրանք մի քիչ խմբագրված, ճոխացված ելույթների տեսքով հանրությանը վերադարձնելն է». - «Ստեփան Դեմիրճյանը դա նախատեսում է անել հնարավորինս կարճ եւ քաղաքականացված տերմիններով համեմված (որ ոչ ոք գլխի չընկնի սկզբնաղբյուրը), Արտաշես Գեղամյանը քնարական-լացակումած երանգներ է տալիս նույն տեքստին՝ չմոռանալով հիշատակել սկզբնաղբյուրը (Նորոն, Ծըգլը, Գագոն), Ռոբերտ Քոչարյանն էլ այդ տեքստը հագեցնում է պետական չինովնիկական տերմիններով: Բայց սրանից էությունը չի փոխվում, իսկ քաղաքական լիդերության ճգնաժամը մեր երկրում խորանում է ու խորանում»:


«Առավոտ»-ի հարցազրույցում նախկին քաղբանտարկյալ Ազատ Արշակյանը, անդրադառնալով բոյկոտը դադարեցնելու ընդդիմադիրների որոշմանը, ասում է. - «Երբ քաղաքական գործիչները որոշում են կայացնում, ասենք, բոյկոտ հայտարարելու վերաբերյալ, նախօրոք մտածո՞ւմ են, թե ինչ նպատակ ունի այն, եւ պիտի՞ ունենա արդյունքներ, այդ նպատակն իրականացա՞վ: Եթե հասել են ակնկալված արդյունքներին, ուրեմն իրենք հաղթել են եւ կարող են այսուհետ գնալ Ազգային ժողով կամ մեկ ուրիշ տեղ... Բայց եթե չեն հասել իրենց նպատակին, ուրեմն ձախողված են որպես քաղաքական գործիչներ»: «Ընդհանրապես», - ամփոփում է Ազատ Արշակյանը, - «ով ձախողվել է պիտի հեռանա: Ձախողված իշխանություն պետք չէ Հայաստանին: Բայց պետք չէ նաեւ ձախողված ընդդիմություն»:

«Մինչեւ հոկտեմբերի 3-ի հաջորդ քառօրյան խորհրդարանը, ըստ ամենայնի, կգումարի մեկ արտահերթ նիստ՝ «Հանրաքվեի մասին» օրենքում համապատասխան փոփոխություններ անելու համար», - տեղեկացնում է «Հայկական ժամանակ»-ը՝ իսկույն հստակեցնելով. - «Իհարկե, դրանք չեն լինի ընդդիմության երազած փոփոխությունները, որի առաջարկը կար 2003-ի ապրիլի 19-ի սահմանադրական դատարանի որոշման մեջ: «Հանրաքվեի մասին» օրենքում որոշակի փոփոխություններն անհրաժեշտ են սահմանադրական նոյեմբերյան հանրաքվեն անցկացնելու համար»:

Նույն հրապարակման մեջ ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը զգուշացնում է. - «Եթե ընդդիմությունը սրի իրավիճակը, որի արդյունքում իշխանությունները գնան հանրաքվեն հետաձգելուն, դրա հետեւանքը լինելու է այն, որ գործող համակարգը վերարտադրվելու է դեռ շատ երկար ժամանակ»:

Թեեւ հայ գրերի գյուտի 1600-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի քննարկումներում հայերի երկու ուղղագրությունների միասնականացման հարցը ներառված չէր, «Հայոց աշխարհ»-ը, այդուհանդերձ, հետամուտ լինելով այդ խնդրին, ներկայացնում է հարցազրույցներում հնչած մի շարք կարծիքներ: Կալիֆորնիայի համալսարանի Հայ ժողովրդի արդի պատմության ամբիոնի վարիչ Ռիչարդ Հովհաննիսյանը թերթում նշում է. - «Եթե արեւմտահայերեն եւ արեւելահայերեն ուղղագրությունները միասնական լինեն, իհարկե, այդպես ավելի լավ կլինի»:

Հենրիկ Հովհաննիսյանի խոսքերով էլ՝ դրանք «արհեստական խոսակցություններ են, եւ այդ խոսակցությունները հրահրվում են դրսից՝ հատուկ նպատակով: Գիտեն ինչի շուրջ կարելի է պառակտել մարդկանց՝ աղանդներով, կուսակցություններով, ուղղագրությամբ, ամեն ինչով, որպեսզի ամեն մեկս ունենանք մի տասը թշնամի եւ ոչ մեկս իրար հետ չկարողանանք լեզու գտնել»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթը հրապարակում է, թե «Մուլտի գրուպ» կոնցեռնի հիմնադիր Գագիկ Ծառուկյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի «վաղեմի բարեկամն է»: Ոչ այն պատճառով, որ նրա ավագ դուստր Ռոզան այնտեղ է սովորում, այլ որովհետեւ «Ծառուկյանների ընտանիքը բժշկությունը համարում է բարձր գիտելիքներ պահանջող ամենամարդասիրական մասնագիտություն»: Թերթն ազդարարում է, - «Գագիկ Ծառուկյանը, երեկ այցելելով բժշկական համալսարան, ռեկտորին՝ ակադեմիկոս Վիլեն Հակոբյանին ավտոմեքենա է նվիրել: Նաեւ պարտավորվել է տարեկան 10 միլիոն դրամ նվիրել ուսանողական խորհրդին»: «Ազգանպաստ գործունեության համար գործարար Գագիկ Ծառուկյանին հանձնվեց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Ոսկե մեդալ» եւ պատվավոր դիպլոմ», - տեղեկացնում է «Հայաստանի Հանրապետություն»-ը:

«Տարեգիր»-ը մի պատմություն է ներկայացրել, թե ինչ դրսեւորումներ է ունենում համայնքապետերի թեկնածուների քարոզարշավը. - «Երեւանի դպրոցներից մեկում դասղեկը հարցնում է. «Երեխաներ, գիտե՞ք, թե ով է վերանորոգել մեր դպրոցը»: Եվ կարճ դադար տալուց հետո խորհրդավոր ձայնով ազդարարում է. «Թաղապետը»: Ապա հարցնում է. «իտե՞ք, թե ով է ասֆալտապատել դպրոց բերող փողոցը»: Եվ ինքն էլ պատասխանում է. «Թաղապետը»: «իտե՞ք՝ ով է լուսավորել այս փողոցը... գիտե՞ք՝ ով է մաքրում դպրոցի շրջակայքը... թաղապետը», - երեխաներին բացատրում է դասղեկը... Անցնելով իր բուն գործին՝ դասղեկը դիմում է երեխաներին. «Լավ. իսկ հիմա ասեք. ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը»: «Թաղապե՜տը»,-միաբերան պատասխանում են երեխաները»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG