Մատչելիության հղումներ

Սահմանադրական հանրաքվեն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա նոյեմբերի 20-ին


Երեկ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ կայացած կոալիցիայի քաղաքական խորհրդի նիստում, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանի փոխանցմամբ, քննարկվել են հիմնականում սահմանադրական հանրաքվեի հետ կապված կազմակերպական հարցեր: Նախնական տարբերակով որոշվել է նաեւ հանրաքվեի անցկացման օրը` նոյեմբերի 20-ին:

«Սահմանադրության հանրաքվեն կարիք կա քարոզելու, եւ կոալիցիան կորոշի, թե ինչ ձեւով պիտի լինի», - երեքշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին ասաց Մկրտչյանը: - «Սահմանադրության տարբերակը իսկապես լավն է, եւ մենք բավականին հիմնավոր կերպով կարող ենք այն ներկայացնել մեր ժողովրդին»:

Սահմանադրության՝ երկրորդ ընթերցում անցած տարբերակը, երեկվա նիստում Հանրապետական կուսակցությունը ներկայացրած, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հավաստմամբ, կրկին Վենետիկի հանձնաժողով է ուղարկվել՝ փորձաքննության:

Կոալիցիայի նիստում, մասնակիցների հավաստմամբ, ընդհանրապես անդրադարձ չի եղել Սահմանադրության տապալման հնարավոր վարկածին:

«Քաղաքական ուժը, որը տանում է «այո»-ի քաղաքականություն, չի կարող մտածել, որ այն կտապալվի», - ասաց Լեւոն Մկրտչյանը:

«Չի էլ կարելի նման բան քննարկել: Պիտի վճռական լինել», - իր հերթին ասաց Գալուստ Սահակյանը: - «Սա մի Սահմանադրություն է, որ նույնիսկ ԱՊՀ երկրներում չկա: Առավել եւս՝ դեմոկրատական հորջորջված երկներում՝ Վրաստանում եւ Ուկրաինայում, բավական երկար ճանապարհ պիտի անցնեն, որպեսզի կարողանան հաղթահարեն եւ ունենան նման տիպի Սահմանադրություն»:

Հանրապետական խմբակցության ղեկավարը համոզված է, որ սահմանադրական փոփոխությունների ընդունումը նոր ուղի է նախանշում Հայաստանի համար. - «Շրջադարձ է կատարվում ամբողջ իրականության եւ համակարգի մեջ դեպի դրականը, դեպի ժողովրդավարությունը, դեպի արդարությունը»:

Անկախ պատգամավոր Մանուկ Գասպարյանի կարծիքով, սակայն, կազմակերպական հարցեր քննարկելը նախագահի համար ընդամենը համապատասխան հանձնարարականներ տալ է նշանակում, քանի որ, նրա փաստարկմամբ, ժողովրդի համընդանուր բացասական վերաբերմունքի պայմաններում իշխանություններին կեղծիքից բացի այլընտրանք չի մնում:

«Կհանձնարարվի այն մարդկանց, ովքեր մշտապես ընտրություններում իրեն [Քոչարյանին] աջակցել են: Իրենք գիտեն կեղծիքների ձեւերը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գասպարյանը:

Ընդդիմադիր «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Աղասի Արշակյանի կարծիքով, մինչդեռ, կեղծիքների մեխանիզմ մշակելն այս անգամ իշխանություններին անասելի դժվար կտրվի:

«Ինչ-որ թույլատրելի շրջանակներ են իրենք գծելու հնարավոր զեղծարարների համար», - ասաց նա: - «Բայց վստահ եմ, որ այդ սահմանները իրենք չեն անցնի, որ չբարձրացնեն համընդհանուր դժգոհության ալիք»:

Իսկ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի երկրորդ օրը պատգամավորական հայտարարությունների ժամանակ ընդդիմության երկու թեւերի՝ «Ազգային միաբանություն» եւ «Արդարություն» խմբակցությունները ներկայացնող պատգամավորներից երկուսի միջեւ բախում տեղի ունեցավ: «Արդարություն»-ից Թաթուլ Մանասերյանը հարց բարձրացրեց «Բամո» ընկերության կողմից Երեւանի մարզահամերգային համալիրը սեփականաշնորհելու մասին: Ռուսաստանյան այս ընկերությունը, հիշեցնենք, պատկանում է «Ազգային միաբանություն» խմբակցության անդամ Հարություն Մուրադյանի եղբորը:

Մանասերյանի դիտարկումը, թե Հայաստանում մասնավորեցվում են «ոչ թե վնասով աշխատող, պարապուրդի մատնված, այլ շահույթով աշխատող օբյեկտները», հարուցեց Հարություն Մուրադյանի զայրույթը, ով տեղից ընդմիջեց Մանասերյանի խոսքը:

«Լռեք», - Մուրադյանին սաստեց Մանասերյանը: - «Այստեղ բազար չէ, Ազգային ժողով է, ձեզ կարգին պահեք: Ինձ թվում է, սա այն տեղը չէ, որտեղ ես ձեզ հետ կխոսեմ՝ եթե խոսեմ»:

Արտաշես Գեղամյանը իր խմբակցության անդամին միայնակ չթողեց ընդդիմության մյուս թեւի հետ կռվում՝ ասելով. - «Թաթուլ ջան, «Բամո»-ի հետ կապված, բուժողին մի քննադատիր, հիվանդացնողին քննադատիր: Տղամարդ տղա ես՝ կանգիր ասա՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, հերիք է ազգային հարստությունը քարուքանդ անեք, հետո մարդկաց վզով փաթաթեք»:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG