Մատչելիության հղումներ

Ավարտվեցին հայ-ռուսական ամենամյա զորավարժությունները


Երեքշաբթի օրը Հոկտեմբերյանի «Բաղրամյան» ուսումնական զորավարժարանում ավարտվեցին ամենամյա, թվով 10-րդ հայ-ռուսական զորավարժությունները, որոնց ավարտական փուլին հետեւում էին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

Հայկական բանակի 545-րդ ու ռուսական բանկի 128-րդ գնդերը պայքարում էին հարձակման անցած պայմանական հակառակորդի դեմ: Հայկական եւ ռուսական զորամիավորումները հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով գործի դրեցին ոչ միայն հակատանկային հրետանին, այլեւ ՄԻԳ կործանիչներ:

«Իմ կարծիքով, ամենագլխավոր արդյունքը, որին մենք հասել ենք, դա փոխգործակցության բարձր մակարդակն է Հայաստանի եւ Ռուսաստանի ստորաբաժանումների միջեւ», - զորավարժությունների ավարտին լրագրողներին ասաց Նիկոլայ Բորդյուժան:

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեց պատասխանել որեւէ հարցի՝ մատնացույց անելով պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանին: Վերջինս ասաց, թե ընդհանուր առմամբ գոհ է ավարտված զորավարժությունների ընթացքից:

«Զորավարժությունները, բացի նրանից, որ մեծ ուսումնական պրոցես է, նաեւ մի տեսակ քննություն է ստորաբաժանման համար՝ ստորաբաժանումները մարտունա՞կ են, թե՞ ոչ», - ավելացրեց պաշտպանության նախարարը:

Զորավարժությունների ավարտի կապակցությամբ դրանց մասնակիցներին շնորհավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ շեշտելով, որ զորվարժությունները ուղղված են երկու երկրների անվտանգության ապահովմանը:

«Պարոնայք գեներալներ, սպաներ եւ զինվորներ», - ասաց նա: - «Ես կցանկանայի այսօր շնորհակալություն հայտնել ձեզ ծառայության համար, այն արդյունքի համար, որ այսօր ցույց տվեցիք: Կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայրենիքին ծառայելու համար, այն բանի համար, որ շարունակվում է եղբայրությունը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Եվ այդ եղբայրությունը արտահայտվում է կոնկրետ պայմանագրով, շնորհիվ որի այսօր Հայաստանում գոյություն ունի ռուսական ռազմակայան եւ շնորհիվ որի մենք անցկացնում ենք համատեղ զորավարժություններ»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG