Մատչելիության հղումներ

Համաշխարհային բանկը «հպարտանում է» Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի կատարողականով


Կառավարության ընդունելությունների տանը երեքշաբթի օրը մեկնարկեց Համաշխարհային բանկի սոցիալական ներդրումների հիմնադրամների 6-րդ միջազգային համաժողովը՝ նվիրված Հայաստանի համանուն հիմնադրամի ստեղծման 10-ամյակին։

Բացման խոսքում Համաշխարհային բանկի սոցիալական սեկտորի զարգացման գծով տնօրեն Զարլզ Գրիֆինը ասաց, թե Հայաստանի սոցներդրումների հիմնադրամը նախկին խորհրդային երկրների նման հիմնադրամների մեջ լավագույններից է, որի «ներդրումները համայնքների կրթական, առողջապահական ու մյուս ենթակառուցվածքների մեջ նպաստել են դրանց զարգացմանը»։

«Մենք շատ տպավորված ենք Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի կատարողականով եւ նախապատրաստում ենք հիմնադրամի երրորդ ծրագիրը՝ նախնական տվյալներով մոտ 15 միլիոն դոլար արժողությամբ», - ասաց բանկի ներկայացուցիչը։

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը ասաց, որ հիմնադրամի ընթացքի մեջ գտնվող երկրորդ ծրագիրը, որի արժեքը մոտ 30 միլիոն դոլար է, արդեն մոտենում է ավարտին։ Իրականացվել կամ իրականացման ընթացքի մեջ են 585 ծրագրեր, որոնց առյուծի բաժինը վերաբերում է դպրոցաշինությանը, դպրոցների հիմնանորոգմանը, խմելու ջրագծերի եւ ոռոգման ցանցերի, ինչպես նաեւ առողջապահական հիմնարկների կառուցմանը։

Տնօրենի խոսքերով, սոցիալական ներդրումների հիմնադրամի ծրագրին ակտիվորեն մասնակցում է նաեւ հայկական սփյուռքը, որը ընդհանուր առմամբ շուրջ մեկ միլիոն դոլար է նվիրել համայնքային ծրագրերին:

Հայաստանի սոցներդրումների հիմնադրամի ծրագրերից Հայաստանի առավել աղքատ համայնքների ավելի քան 300 հազար բնակիչներ են օգտվում, այդ ծրագրով շուրջ 67 հազար ժամանակավոր աշխատատեղեր են ստեղծվել:

Համաժողովին մասնակցում են աշխարհի 28 երկրների 150 ներկայացուցիչներ։

Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնը, ով ներկա էր համաժողովի բացմանը, ասաց, թե ինքը «հպարտանում է սոցներդրումների հիմնադրամի ցուցանիշներով», ու հասկանում է, թե «ինչու են ուրիշները ցանկանում գալ Հայաստան ու սովորել»:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG