Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Հայկական ժամանակ»-ը, արձագանքելով կառավարությանն ուղղված «Միդլենդ ռիսորսիզ»-ի նամակին, որով ընկերությունը խնդրում է կառավարության համաձայնությունը բաշխիչ ցանցերի բաժնետոմսերի 100 տոկոսը ռուսական ՌԱՕ ԵԷՍ ընկերությանը պատկանող «Ինտերէներգո»-ին վաճառելու համար, կանխատեսում է. - «Կառավարությունը համաձայնություն կտա այն պարզ պատճառով, որ ՀՀ իշխանությունները, ի դեմս անձամբ Ռոբերտ Քոչարյանի, շատ վաղուց արդեն որոշում են կայացրել, որ Հայաստանի էլցանցերի տերը լինելու է ՌԱՕ ԵԷՍ-ը: Որոշումը կայացվել է, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի ֆորպոստն է, եւ ֆորպոստի խոշորագույն ձեռնարկությունը, որից օգտվում են ֆորպոստի բոլոր բնակիչները, չի կարող լինել որեւէ ուրիշի սեփականությունը: Իսկ մնացածն արդեն ձեւականություն է: Բայց այսպիսի ձեւականությունների դիմելը մեր կառավարության համար անհրաժեշտ է: Սրանով պետք է թոզ փչել Համաշխարհային բանկի աչքերին: Վերջինս, ըստ ամենայնի, արդեն կորցրել է գործարքի դեմն առնելու բոլոր հնարավորությունները»: Նշելով, թե իրականում խոսքը արդեն իսկ կայացած վաճառքին օրինական ձեւ տալու մասին է, մեկնաբանը եզրահանգում է. - «Համաշխարհային բանկին Հայաստանի կառավարությունը խնդիրը այնպես է ներկայացնելու, թե ոչ մի կերպ չի կարող մերժել եւ պարզապես ստիպված է համաձայնություն տալ, քանի որ «Միդլենդ ռիսորսիզ»-ը արդեն 73 միլիոն դոլար ստացել է կառավարման իրավունքը վարձակալության հանձնելու դիմաց»:

«Առավոտ»-ի նկարագրմամբ, խորհրդարանական քառօրյան սկսվեց երկրի օրհներգով, սակայն «չկար առաջվա էնտուզիազմը, քանի որ պատգամավորների թիկունքներից էլ պարզ երեւում էր, որ ոչ մեկի սիրտը չի թրթռում, ոչ մեկը ձեռքը կրծքին չէր սեղմել եւ սուրբ շարականի պես չէր երգում ձայնագրության հետ միասին». - «Ամեն ինչ կատարվեց հավուր պատշաճի եւ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանի կարծես հոգնած ձայնը ազդարարեց, որ օրենսդիրները սկսում են աշխատանքը»:

«Չե՞ք կարծում, որ «Ազգային միաբանության» խորհրդարան վերադառնալու պայմաններում «Արդարություն»-ը կհայտնվի քաղաքակական լուսանցքում». - «Հայոց աշխարհ»-ի այս հարցին, «Արդարություն» դաշինքի անդամ, ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը պատասխանում է. - «Եթե միացյալ ընդդիմության մեջ «Արդարության» կշիռը լիներ 5 կամ 7 տոկոս, մտածեի՝ միգուցե դա հնարավոր է: Բայց պայմանական ձեւակերպումով, լուսանցքը մեզնից բավանականաչափ աջ է: «Արդարություն»-ը գտնվում է ընդդիմադիր դաշտի այն հատվածում, որ նունիսկ տեսականորեն չի կարող լուսանցք լինել»:

Ըննդիմադիր «Արդարություն» դաշինքի որոշումը «Հայկական ժամանակ»-ը մատուցում է որպես անցում «բոյկոտ-լայթս»-ի. - «Ընդդիմադիր այս խմբակցությունը անցնում է «բոյկոտ կամավորության սկզբունքով» տարբերակին. ով ուզում է՝ կարող է շարունակել բոյկոտը, իսկ ով հոգնել է չաշխատելուց՝ կարող է վերադառնալ խորհրդարան: Վերադարձողների հանդեպ դաշինքում այլեւս վհուկների որս չի լինելու»: Ըստ թերթի, հասկանալի է, որ այս ձեւակերպումը ընտրված է դաշինքի ղեկավար Ստեփան Դեմիրճյանի ճաշակով, որին «միշտ ձեռնտու են եղել կայուն-անհասկանալի իրավիճակները»:

«Մասնակի բոյկոտ կամ մասնակի կայֆեր» վերնագրի ներքո «Ազգ»-ը գրում է. - «Եվ այսպես, ընդդիմությունը երկու տարուց մի փոքր պակաս բոյկոտելով ԱԺ նիստերը, վերադարձավ խորհրդարան, քանզի այդ ժամանակահատվածում դառը փորձ կուտակեց, որ հասարակությունն այլեւս չի գա հանրային վայրեր, եւ այդ ձեւով հեղափոխության, ավելի ճիշտ՝ իշխանափոխության ռեսուրսը սպառված է: Բոյկոտի՝ թեկուզ մասնակի դադարեցման պատճառը եւ առանցքը հանրաքվեն է, որն ընդդիմությունը ուզում է վերածել իշխանափոխոթյան առիթի»: Թերթը միաժամանակ նշում է. - «Համոզվածություն, որ իր ցանկություններն ու հնավարությունները կհամընկնեն, ընդդիմությունը, իհարկե, չունի»:

«Հանրապետություն» կուսակցության ղեկավար անդամներից Սուրեն Սուրենյանցը «Չորրորդ իշխանություն»-ում պնդում է. - «Կուսակցությունը ոչ մի քայլով չի նահանջելու ժողովրդավարական հեղափոխության իր ծրագրից: Ավելին՝ այդ ծրագիրը դառնալու է առաջիկա արտահերթ համագումարի առանցքային հարցերից մեկը»: Նրա սահմանմամբ, հասարակության «ոչ»-ը հանրաքվեին, ոչ է Ռոբերտ Քոչարյանի ռեժիմին եւ ժողովրդավարական հեղափոխության իրականացման կարեւոր նախապայման»:

«Հույս ունենալ, որ քվեարկության արդյունքում սահմանադրական փոփոխությունները չընդունելուց հետո կարելի է բարձրացնել Քոչարյանի պաշտոնանկության հարցը, բավականին միամիտ մոտեցում կլինի», - «Իրավունք»-ի հարցազրույցում նշում է Դավիթ Շահնազարյանը:

Նույն թերթի մեկնաբանի հայացքով, այժմ Հայաստանի իշխանությունների հիմնախնդիրը նոյեմբերի վերջին հանրաքվեն բարեհաջող անցկացնելն է՝ «որպեսզի ե’ւ «այո»-ն ապահովվի, ե’ւ քվեատուփեր ու ընդիմադիր գլուխներ չջարդվեն»:

«Միջազգային ճգնաժամային խումբը փորձում է սովորեցնել մեզ, թե ինչպես կարելի է Ղարաբաղը սուսուփուս հանձնել Ադրբեջանին», - ձեւակերպում է «Չորրորդ իշխանություն»-ը՝ անդրադառնալով այս խմբի տարածաշրջանային այցելության ընթացքում ներկայացված առաջարկություներին: Մեկնաբանի գնահատմամբ, առավել մտահոգիչն այն է, որ ակնարկում է, թե իրենց ներկայացրած առաջարկները տեղավորվում են, այսպես կոչված, «պրահյան սկզբունքների» շրջանակներում: Իսկ այդ սկզբունքները, ինչպես հայտնի է, Հայաստանի իշխանությունների կողմից առանձնապես քննադատության չեն ենթարկվում»:

Ըստ «Հայոց աշխարհ»-ի, Ճգնաժամերի հաղթահարման միջազգային խմբի՝ Բաքվում եւ Երեւանում ունեցած ելույթներից «ոչ թե առաջիկայում սպասվող խաղաղության պարտադրանքի, այլ ընդհակառակը՝ միջնորդների հետաքրքրության նվազման եւ, որպես դրա հետեւանք՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումների մեծացման հոտ է գալիս»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG