Մատչելիության հղումներ

Արթուր Բաղդասարյան. «Կեղծիքների ժամանակը անցել է»


Երրորդ գումարման Ազգային ժողովի 6-րդ նստաշրջանի աշխատանքների մեկնարկից առաջ հրավիրած ասուլիսում Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը, փոխանցելով իր տպավորությունը Միացյալ Նահանգներում կատարած այցելության ընթացքում ունեցած 57 հանդիպումներից, ասաց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից ԱՄՆ-ում առանձնացնում են հատկապես սահմանադրական փոփոխությունների գործընթացը:

«Միացյալ Նահանգները կարեւորում են Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացումը», - ասաց նա: - «Պետք է կարողանանք իրականացնել ճիշտ եւ արդյունավետ քարոզչություն, բացատրել մեր ժողովրդին, որի հիմնական մասին ամենեւին չի էլ հետաքրքրում սահմանադրական բարեփոխումները»:

Կեղծիքներով ու այլ սեւ տեխնոլոգիաներով երկրի գլխավոր օրենքը փոխելու հնարավորությանը վերաբերող հարցերը նրա համար վիրավորանքի նման հնչեցին:

«Կեղծիքների ժամանակը անցել է: Կեղծիքներ կատարելու ո’չ անհրաժեշտություն կա եւ ո’չ էլ կարող են հանդուրժել ե’ւ մեր ժողովուրդը, ե’ւ միջազգային ատյանները», - հայտարարեց Սահմանադրության փոփոխությունների հեղինակ կոլաիցիայի կուսակցություններից մեկի ղեկավարը:

Մինչդեռ, նստաշրջանի մեկնարկին առաջ գումար նիստում ընդդիմադիր «Արդարություն» խմբակցությունը որոշել է շարունակել օրինաստեղծ աշխատանքի բոյկոտը, որը այս անգամ «մասնակի» կլինի:

«Կմասնակցենք այն օրինագծերի քննարկմանը, որոնք հանրության համար մեծ կարեւորություն ունեն», - լրագրողներին ասաց խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը: - «Գնացինք ավելի ճկուն մոտեցման: Եթե կլինեն պատգամավորներ, որոնք հարկ կհամարեն, մեկ առանձին հարց համարելով կարեւոր, մասնակցել այդ հարցի քննարկմանը, ապա խմբակցությունը որեւէ սահմանափակում չի դնի»:

Կեսօրին իր աշխատանքները սկսեց 3-րդ գումարան ԱԺ-ի 6-րդ նստաշրջանի առաջին քառօրյան: 85 պատգամավորների ներկայության պարագայում գրանցվեցին 109-ը եւ հաստատեցին օրակարգը:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG