Մատչելիության հղումներ

Քաղաքապետը պնդում է, որ Երեւանի կենտրոնի իրացումը կատարվում է «օրենքի պահանջների համաձայն»


Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը ուրբաթ օրը, ի պատասխան մայրաքաղաքի կենտրոնի իրացման շուրջ հնչող քննադատությանն ու բողոքներին, հայտարարեց, որ այդ աշխատանքները կատարվում են «օրենքի պահանջների համաձայն»:

«Ակնհայտ է, որ 997 պայմանագրերում կլինեն նաեւ քաղաքացիներ, որոնք այդ պայմանագրերից դժգոհ կլինեն», - լրագրողներին ասաց Զախարյանը: - «Այսօր կատարվող բոլոր իրացման աշխատանքները իրացման գոտիներում կատարվում են օրենքի պահանջներին համաձայն եւ օրենքի կիրարկումը ապահովող համապատասխան իրավական ակտերով»:

Երեկ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը հույս էր հայտնել, թե քաղաքային իշխանությունները կհրաժարվեն ուժային մեթոդներից եւ որոշ չափով կավելացնեն Բյուզանդի փողոցի բնակիչների փոխհատուցումը: Քաղաքապետը թեեւ ասաց, որ ծանոթ չէ տիկին Ալավերդյանի եզրակացույթուններին, բայց իրացման գոտիներում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ մեղադրանքներին պատասխանեց. - «Դա տիկին Ալավերդյանի կարծիքն է»:

Ներկայացնելով մայրաքաղաքի կենտրոնի կառուցապատման անհրաժեշտության փաստարկներ, Երվանդ Զախարյանը հիշեցրեց, որ Հայաստանը ինտեգրվում է եվրոպական կառույցներին՝ ավելացնելով. - «Եվ ունենալով հանրապետության մայրաքաղաքի նման կենտրոն՝ չկառուցապատված, լցված խարխուլ շենքերով... մենք նման ձեւերով չենք կարող անդամագրվել եւ հավասարվել այն բոլոր պետություններին, որոնք այսօր անդամագրված են եվրոպական կառույցներում»:

Լարիսա Ալավերդյանը նույնպես երեկ հայտարարել էր, թե ոչինչ չունի Երեւանի կենտրոնի կառուցապատման դեմ. խնդիրը իրացման գոտիներում բնակվող մարդկանց իրավունքներն են: Իսկ դրանք, ի վերջո, հանգում են ֆինանսական խնդրի. մարդկանց առաջարկված փոխհատուցումը բավական չէ համարժեք բնակարան գնելու համար:

Զախարյանը, սակայն, պնդեց, թե փոխհատուցումը համարժեք է՝ ներկայացնելով հետեւյալ օրինակը. - «[Բնակիչը] ունի 44,1 քառակուսի մետր տարածք եւ առաջարկվել է, գնահատումներից հետո (նաեւ խրախուսանքով) 33,336 դոլարին համարժեք դրամ, որը կազմում է 909 դոլար մեկ քառակուսի մետրի համար»:

Տարածքի բնակիչները, մինչդեռ, պնդում են, թե իրենց առաջարկվող գումարները շատ ավելի համեստ են: ՀԺԿ մամուլի պատասխանատու Ռուզան Խաչատրյանը, օրինակ, «Ազատություն» ռադիոկայանին այսօր ասաց, որ 35 քառակուսի մետր մակերեսով բնակարանի դիմաց ինքը ստացել է 23 հազար դոլար:

«Ստիպված եմ եղել ստորագրել պայմանագիրը», - ասաց նա: - «Առանց ինձ տեղեկացնելու դատական նիստ տեղի ունեցավ եւ որոշում կայացվեց վտարել բռնի ուժով իմ սեփական տնից: Եվ որպեսզի այդ բռնությունն իմ նկատմամբ չիրականացվի, ես ստիպված ստորագրել եմ»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG