Մատչելիության հղումներ

Ռուսաստանը Արդբեջանի սեփականություն է ճանաչում Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը


Այս շաբաթն Ադրբեջանի համար ակնհայտորեն հաջող է ավարտվում: Երեկ կեսօրին, ինչպես հաղորդում է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ԱՄՆ-ի նախագահ Ջորջ Բուշը օգտվեց Կոնգրեսի կողմից իրեն վերջերս տված իրավասությունից եւ կասեցրեց 907-րդ բանաձեւը: Սա նշանակում է, որ ամերիկացի օրենսդիրները տեսականորեն կարող են հաջորդ տարի Ադրբեջանին տրամադրել նույնքան օգնություն, որքան Հայաստանին:

Ի դեպ, այս տարի արդեն Միացյալ Նահանգները Ադրբեջանին հատկացնելու է 50 միլիոն դոլար: Հայաստանին տրվող 90 միլիոնի համեմատ դա կարող է քիչ թվալ, սակայն ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնյա Ուիլյամ Թեյլորը, որը Երեւանից մեկնել էր Բաքու, այնտեղ փաստեց. - «2000 թվականի համեմատ Ադրբեջանին տրվող օգնությունն ավելացել է 10 միլիոն դոլարով եւ դա անսովոր է, որովհետեւ ընդհանուր առմամբ այս տարածաշրջանին Կոնգրեսի կողմից հատկացվող օգնությունը գնալով պակասում է»:

Երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Ադրբեջանի համար շահեկան եւս մի իրադարձություն՝ ռուսները համաձայնեցին ադրբեջանցիների սեփականությունը համարել Գաբալայի ռադիոլոկացիոն կայանը, որի արժեքը մոտ 3 միլիարդ դոլար է: Համեմատության համար հիշեցնենք, որ գեներալ Ռոխլինն ու ադրբեջանցիները պնդում էին, թե Ռուսաստանը Հայաստանին 1 միլիարդ դոլարի զենք է տվել: Այժմ համեմատությունը Ադրբեջանի օգտին է: Ու դեռ առաջիկա 10 տարում էլ Մոսկվան Բաքվին 100 միլիոն դոլար կվճարի այդ կայանը վարձակալելու համար:

Մասնագետները նկատում են, որ եթե 10 տարի շարունակ Հարավային Կովկասում Մոսկվայի «նախընտրած» կամ «ֆավորիտ» հանրապետությունը Հայաստանն էր, ապա վերջին տարվա ընթացքում իրավիճակն ակնհայտորեն փոխվել է, եւ այժմ Պուտինի Ռուսաստանը ԱՄՆ-ի օրինակով սկսել է կոմպլեմենտար (փոխլրացնող) քաղաքականություն վարել Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ:

Փորձագետների կարծիքով, վերանում է այն խտրականությունը, որ անցած տարիներին, այնուամենայնիվ, գոյություն ուներ Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ Ռուսաստանի, ինչ-որ չափով նաեւ Միացյալ Նահանգների վարած քաղաքականությունում:

Արդյո՞ք հավասարեցման այս միտումը վտանգ չի ներկայացնում Հայաստանի համար: Քաղաքական առումով, եթե այն տերությունները, որոնց դիրքորոշմամբ է նաեւ պայմանավորված խաղաղությունն ու կայունությունը մի տարածաշրջանում, որտեղ հակամարտում են հայերն ու ադրբեջանցիները, սկսում են հավասար ու անաչառ վերաբերմունք դրսեւորել հակամարտող կողմերի նկատմամբ, դա, թերեւս, չի կարող խթանել հակամարտության խորացումը, ընդհակառակը՝ նպաստելու է կայունության ամրապնդմանը, քանզի կայունություն հասկացությունն ի սկզբանե խարսխված է հավասարակշռության, կոմպլեմենտարության վրա: Չէ՞ որ եթե հակամարտության վրա ազդեցություն ունեցող ուժերից մեկը աչառու վերաբերմունք է ցուցաբերում ու պաշտպանում կողմերից մեկին, մյուս ուժի մոտ վաղ թե ուշ ահագնանում է հակառակ կողմին պաշտպանելու գայթակղությունը:

Տնտեսական առումով, դժվար թե Ադրբեջանի հետ Ռուսաստանի ստորագրած տնտեսական համաձայնագիրը որեւէ կերպ ազդի Հայաստանի հետ Մոսկվայի տնտեսական հարաբերությունների վրա: Խորհրդանշական է, որ այդ նույն ժամանակ, երբ Հեյդար Ալիեւը Մոսկվայում Ռուսաստանի նախագահի եւ վարչապետի հետ քննարկում էր տնտեսական կապերի զարգացման խնդիրները, հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Սերժ Սարգսյանը Գյումրիում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսության բացման ժամանակ հայտարարեց, որ մեկ-երկու ամսից վերջնականապես կհստակվի, թե ռուսաստանյան ինչ օբյեկտներ են գործելու Հայաստանի տարածքում: Սա պարտքի արդյունք է, բայց բոլոր դեպքերում Ռուսաստանը Հայաստանի տարածքում պատկառելի սեփականություն է ունենալու, ինչը նույնպես սերտացող տնտեսական հարաբերությունների նշան է:

Եվ վերջապես, ռազմական առումով, նույնիսկ Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելու արգելքի վերացումից հետո ԱՄՆ-ում երբեք չի կարող վերանալ Ադրբեջանին իրապես զինելու ճանապարհն արգելափակող հուսալի խոչընդոտը՝ հայկական ուժեղ լոբբին: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա չափազանց դժվար է պատկերացնել, որ Մոսկվան հոժար կամքով սկսի ինտենսիվորեն զինել Բաքվին մի երկրի դեմ, որի տարածքում իր 102-րդ ռազմական բազան է: Եվ նույնիսկ Գաբալայի կայանի կարգավիճակը ճշտելուց հետո որեւէ նախանշան չկա, որ Ադրբեջանի հետ Ռուսաստանի ռազմական համագործակցությունը տեսանելի ապագայում կարող է հասնել Հայաստանի հետ ռազմական համագործակցության մակարդակին:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG