Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Ուկրաինայի կառավարությունում տեղի ունեցած փոփոխությունները հայաստանյան թերթերը ներկայացնում են հետեւյալ վերնագրերով՝ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին», «Սիրավեպն ավարտվեց», «Նարնջագույնների լրջանալու պահը», «Հեղափոխականները բաժանվեցին»:

«Հայկական ժամանակ»-ը, մինչդեռ, փորձում է պատկերացնել ուկրաինական սցենարի հայկական տարբերակը. - «Պատկերացրեք՝ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը ասուլիս է հրավիրում եւ հայտարարում իր հրաժարականի մասին՝ պատճառաբանելով, որ ինքը չի կարող աշխատել այնպիսի կոռումպացված չինովնիկների հետ, ինչպիսիք են անվտանգության խորհրդի քարտուղար Սերժ Սարգսյանն ու նախագահի օգնական Արմեն Գեւորգյանը: Վերջին երկուսն էլ, հերքելով Հովիկ Աբրահամյանի՝ իրենց ուղղած մեղադրանքները, հրաԺարական են տալիս՝ ասելով, որ բարի անունը իրենց համար թանկ է ամեն ինչից, եւ իրենք չեն կարող իրենց հասցեին հնչած մեղադրանքների ստուգման փուլում մնալ պաշտոններում, քանի որ հանրությունը դա կընկալի որպես հետաքննության վրա ճնշում գործադրելու միջոց»: Երեւակայական այս սցենարից անցում կատարելով՝ «Հայկական ժամանակ»-ը շարունակում է. - «Մեզ նման ցնցումներ չեն սպասվում, որովհետեւ մեզ մոտ բոլորն են կոռումպացված այն աստիճան, որ որեւէ մեկը ի վիճակի չէ մյուսին կոռուպցիայի մեջ մեղադրել: Իսկ նման բացահայտումներ մեզանում էլ են լինում, բայց՝ կաբինետներում՝ անջատված բջջային հեռախոսների պայմաններում ընթացող զրույցների ընթացքում»: Նման զրույցները թաքուն են արվում, քանի որ, ըստ թերթի, բոլորը հասկանում են, որ երկրում «կա մի արժեք, որ սրբազան է բոլորի համար՝ կայունությունը»:

«Հայոց աշխարհ»-ում Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հայաստանյան ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան ասում է. - «Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները յուրատեսակ փորձաքար են: Չափազանց կարեւոր է, որ դրանք արդար անցնեն, լինեն բաց եւ ժողովրդավարական ընտրություններ: Եթե խախտումներ լինեն՝ ընտրողները ծանրակշիռ պատճառ կունենան չմասնակցել հանրաքվեին»:

«Իշխանությունները Ալբերտ Բազեյանին եւ Վաղարշակ Հարությունյանին օգտագործեցին ճիշտ ժամանակին», -գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը: - «Առջեւում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն է, եւ իշխանություններին պետք էր պառակտել հեղափոխականորեն տրամադրված վերջին կազմակերպված ուժը»:

«Իրավունք»-ը պատկերում է, - «Թեեւ Հայաստանում նարնջագույն վրաններ դեռեւս չկան, այնուամենայիվ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունները եւ Հայաստանի սահմանադրական հանրաքվեն Արեւմուտքում հակված են դիտարկելու պարիտետային սկզբունքով, այսինքն՝ ձգտելու են, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ընդդիմության ակտիվությունը եւ այդ երկրներում զարգացումները լինեն համաչափ»: Մեկնաբանը կարծում է, որ, այնուամենայնիվ, «հետխորհրդային տարածքում գունավոր հեղափոխությունների ալիքը աստիճանաբար մարում է»:

ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթը, զուգահեռելով Ադրբեջանի եւ Հայաստանի առաջիկա իրադարձությունները, նշում է. - «Եվրոպական չափանիշներով Սահմանադրության ընդունումով մեր պետությունն ու հասարակությունը մեծ առավելություն են ստանում տարածաշրջանային մրցակցության մեջ, քանզի դրանով մենք ունենում ենք որակապես նոր երկիր՝ զարգացման որակապես նոր հնարավորություններով, մեր անվտանգության ապահովման եւ ազգային նպատակների իրագործման նոր կարելիություններով»:

«Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանի, ԿԸՀ-ի անդամ Ֆելիքս Խաչատրյանի եւ Արշակ Սադոյանի երեկվա ասուլիսները «Հայաստանի Հանրապետություն»-ը ներկայացրել է մեկ վերնագրի ներքո՝ «Երեք խնձոր քաղաքական երկնքից»:

«Եվրախորհրդի կոչը ուղղված ընդդիմությանը վերաբերում էր բացառապես սահմանադրական բարեփոխումների քննարկումներին մասնակցությանը: Այդ հորդորը մենք կատարել ենք», - «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանին է մեջբերում «Հայոց աշխարհ»-ը՝ ավելացնելով. - «Ստացվում է, որ Եվրախորհուրդը, բան ու գործ թողած, ամեն ամիս սրանց պետք է հորդորի»:

Անդրադառնալով Բյուզանդի փողոցի խնդրին՝ «Չորրորդ իշխանություն»-ը նշում է, թե «պետության կարիքների իրացումները ճիշտ կլինեին, եթե անհրաժեշտ լիներ տվյալ տարածքում, ասենք, օդանավակայան, ջրամբար կամ կառավարական որեւէ շենք կառուցել». - «Բայց այս դեպքում պետությունը պարզապես որոշել է հողը վաճառել մասնավոր անձանց եւ, իհարկե, պարտավորվել է տարածքն ազատել ավելորդ բաներից, այսինքն՝ մարդկանցից»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG