Մատչելիության հղումներ

ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքննարկի Հայոց ցեղասպանության օրինագիծը


Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաջորդ շաբաթ կքննարկի Հայոց ցեղասպանության մասին օրինագիծը:

«Անատոլու» գործակալության փոխանցմամբ, մեծ է հավանականությունը, որ հանրապետական կոնգրեսական Հենրի Հայդի գլխավորած հանձնաժողովը կքվեարկի օրինագծի ընդունման օգտին: Ընդունվելու դեպքում օրինագիծը կարող է մտցվել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստի օրակարգ, սակայն դա կախված կլինի Կոնգրեսի նախագահ, հանրապետական Դենիս Հաստերտի նախաձեռնությունից:

Կոնգրեսականներ Ջորջ Ռադանովիչի, Ադամ Շիֆի, Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնի եւ Ջո Նոլենբերգի ներկայացրած բանաձեւը կոչ է անում ԱՄՆ նախագահին ապահովել, որ ամերիկյան արտաքին քաղաքականության մեջ Հայոց ցեղասպանության իրողությունն արտացոլվի ճշմարտացիորեն:

Կոնգրեսական Ադամ Շիֆը օրինագիծը Ներկայացուցիչների պալատ էր ներկայացրել հունիսին: Ըստ «Անատոլու» գործակալության, օրինագիծը կրկնում է 2000 թվականին արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից հաստատված, սակայն վերջին պահին նախագահ Քլինտոնի միջամտության արդյունքում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրակարգից հանված նախագիծը: Նախագահ Քլինթոնը զգուշացրել էր Կոնգրեսի նախագահ Դենիս Հաստերտին, որ «օրինագծի ընդունումը կարող է հեռու գնացող բացասական հետեւանքներ ունենալ Միացյալ Նահանգների համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG