Մատչելիության հղումներ

Կոնգրեսական Գուտիերեսը միացել է Կոնգրեսում հայկական հարցերին սատարող խմբին


Ամերիկայի հայկական համագումարի հորդորով ԱՄՆ Կոնգրեսում հայկական հարցերին սատարող խմբին միացել է Իլինոյս նահանգը ներկայացնող կոնգրեսական, դեմոկրատ Լուիս Գուտիերեսը՝ դառնալով խմբի 147-րդ անդամը:

Իլինոյս նահանգից 7 անգամ ընտրված Գուտիերեսը հայտնի է փախստականների իրավունքների պաշտպանությամբ: Նա բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանության շուրջ հայտարարության վերահաստատման օգտին եւ եղել Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ իրականացված հանցագործություն որակելու մասին օրինագծի կազմողներից մեկը: Գուտիերեսը նաեւ հորդորել է ԱՄՆ նախագահին ապրիլի 24-ի ամենամյա հայտարարությամբ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Համագումարը ողջունում է կոնգրեսական Լուիս Գուտիերեսի անդամակցումը Կոնգրեսում հայկական հարցերին սատարող խմբին եւ համոզմունք հայտնում, որ նա կդառնա այս խմբի գործուն մասնակիցը», ասել է Ամերիկայի հայկական համագումարի տնօրենների խորհրդի փոխնախագահ Լիսա Եսայանը:

Լուիս Գուտիերեսը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական ծառայությունների, լատինաամերիկյան երկրների եւ վետերանների հարցերով զբաղվող կոմիտեների անդամ է:

Կոնգրեսի հայկական հարցերին սատարող խումբը գործում է 1995 թվականից: Հանձնախմբի համանախագահներն են Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլենբերգը: Իր գոյության տարիներին խումբը կարեւոր դեր է խաղացել Հայաստանին եւ Ղարաբաղին աջակցելու, հայանպաստ բազմաթիվ այլ հարցերում:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG