Մատչելիության հղումներ

Ադրբեջանը մտադիր է կրկնապատկել ռազմական բյուջեն


Հինգշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ինչպես հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը, հայտարարել է, թե 2006 թվականին երկրի ռազմական ծախսերը կրկնապատկվելու են՝ հասնելով 600 մլն դոլարի:

«Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշումը թույլ չի տալիս հասնել առաջընթացի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում», - նախօրեին Լենքորանում հայտարարել էր Ալիեւը:

Հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը բնորոշելով «ապարդյուն»՝ Ադրբեջանի նախագահը, այդուհանդերձ, նշել է, որ «դիվանագիտական ջանքերով հիմնախնդիրը լուծելու հույսերը առայժմ սպառված չեն»:

Այս շաբաթ ավելի վաղ Բաքվում Ալիեւը հանդիպում էր ունեցել Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատար Յաշար Բույուքանիտի հետ: Ադրբեջանի նախագահը ասել էր, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի տնտեսական, քաղաքական եւ ռազմական համագործակցությունը ծառայում է ամբողջ տարածաշրջանում կայունության ապահովմանը:

«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Իլհամ Ալիեւը նշել է, թե անկախացումից հետո Ադրբեջանը միշտ էլ զգացել է Թուրքիայի աջակցությունը:

«Ադրբեջանի ժամանակակից եւ ուժեղ բանակի կայացման գործում հատուկ դեր ուներ թուրքական բանակը», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG