Մատչելիության հղումներ

logo-print

Մամուլի տեսություն


«Հայաստանի Հանրապետություն» թերթը, անդրադառնալով խորհրդարան վերադառնալու ընդդիմադիրների մտադրությանը, հեգնում է. - «Հիմա էլ դաշինքը որոշել է իր սկզբունքը փոփոխելը պատճառաբանել հասարակական պահանջով, թեեւ չի բացառվում, որ ընդդիմադիր ընտրողները, ի վերջո, ավելի խելամիտ են գտնվել, քան իրենց ընտրյալները»:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, Ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը վստահ է, որ հայրենի ընդդիմությունը այնքան խոհեմ կգտնվի, որ խորհրդարան վերադառնալու որոշում չի կայացնի: Հովհաննես Հովհաննիսյանը դրա համար երկու պատճառ է նշում. - «Նախ, խորհրդարանի աշխատանքները բոյկոտելիս ընդդիմությունը մի շարք պահանջներ էր առաջադրել, որոնցից եւ որեւէ մեկը մինչ այսօր չի բավարարվել: Եվ ապա, նրա կարծիքով, երկրում «լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում ՝ կապված սահմանադրական բարեփոխումների հետ եւ ընդդիմությունը պետք է պահպանի իր կարծր դիրքորոշումը»:

«Հայկական ժամանակ»-ում եւս մեկ անգամ անդրադառնալով կուսակցության քաղխորհրդի յոթ անդամների հեռանալու փաստին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը շեշտադրում է. - «Ես այսօր արդեն կարող եմ հայտարարել, որ «Հանրապետություն» կուսակցության այս էջն այլեւս փակված է, եւ մենք մտածում ենք ապագայի մեր գործողությունների, մեր նպատակների իրականացման մասին»: «Ձեզ համար գոնե պա՞րզ են այն իրական դրդապատճառները, հանուն որոնց քաղխորհուրդը լքեց հայտնի յոթյակը» լրագրողի հարցին Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Դա նրանց որոշումն է եղել, եւ ես չեմ ցանկանում որեւէ մեկի որոշումը մեկնաբանել: Մի բան կարող եմ ասել՝ սեփական անգործությունն արդարացնելու համար փակուղին նախընտրելը իմ գործելաոճը չէ»: «Հայոց աշխարհ»-ի գնահատմամբ՝ այն բանից հետո, երբ քաղխորհրդի յոթ անդամները՝ Ալբերտ Բազեյանի գլխավորությամբ դուրս եկան կուսակցությունից, «Հանրապետություն»-ը փաստորեն հայտնվեց փակուղու մեջ:

«Սահմանադրական փոփոխությունների նախագծի համաձայն, Հեռուստառադիոյի ազգային հանձնաժողովի ներկա անդամները պետք է շարունակեն աշխատել մինչեւ իրենց պաշտոնավարման ժամկետի ավարտը», - հիշեցնում է «Առավոտ»-ը՝ այս կապակցությամբ ներկայացնելով Վարդան Պողոսյանի տեսակետը. - «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւերով մի քանի անգամ պահանջվել է, որ հանձնաժողովի կազմը ենթարկվի փոփոխության... Այսինքն՝ մի կողմից, մենք ընդունում ենք, որ պետք է լինի անկախ հանձնաժողով, բայց, մյուս կողմից՝ այդ հանձնաժողովի կազմը չի ենթարկվում արագ փոփոխությունների: Հիմա կարո՞ղ ենք մենք այստեղ առաջընթաց արձանագրել: Իհարկե, չենք կարող»:

Ըստ «168 ժամ» թերթի, մաքսային պետական ծառայությունում ստուգումներ է անցկացնում նախագահի վերահսկողական ծառայությունը՝ նպատակ ունենալով պարզել, թե «Վիվասել»-ի գործունեությունը սկսելուց հետո, երբ կարճ ժամանակում շուրջ 100 հազար մարդ դարձավ աբոնենտ, ինչպե՞ս է, որ ներմուծվող ապրանքների ցանկում բջջային հեռախոսների աճ չի նկատվել: «Մեր աղբյուրների փոխանցմամբ», - գրում է թերթը, - «նախագահի վերահսկողական ծառայությունն ունի հստակ տեղեկություն, որ մաքսանենք ճանապարհով Հայաստան են ներմուծվել մեծ քանակությամբ բջջային հեռախոսներ»:

«Հայոց աշխարհ»-ի վերլուծաբանը անդրադառնում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցություններին, որոնց մեկնարկը նշանակված է հոկտեմբերի 3-ին. - «Հոկտեմբերի 3-ի բուն ինտրիգն այն է, որ Թուրքիան երկյուղում է Եվրամիության կողմից նոր նախապայմանների առաջադրման հեռանկարից, որոնց շարքում կարող են տեղ գնել նաեւ Հայաստանին ու հայ ժողովրդի իրավունքներին առնչվող հարցեր»: Մեկնաբանի նախանշմամբ, առաջիկա օրերի ընթացքում Թուրքիան ամեն ինչ անելու է Եվրամիության կողմից «հայկական փաթեթի առաջադրումը կանխելու համար, իսկ դրանից հետո որդեգրելու է ժամանակ շահելու եւ Հայաստանի ապաշրջափակման խնդիրը ձգձգելու մարտավարություն»: Ըստ «Հայոց աշխարհ»-ի՝ Հայաստանը պարտավոր է խախտել «Թուրքիայի կողմից իրեն պարտադրվող խաղի նոր կանոնները եւ անցնելով հակահարձակման՝ հրապարակային-պաշտոնական դիմումով Եվրամիությունից պահանջել քննության ենթարկել իր անդամության թեկնածուի կողմից Հայաստանի շրջափակման վերացման խնդիրը»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG