Մատչելիության հղումներ

Մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանը առաջ է անցել Վրաստանից եւ Ադրբեջանից


ՄԱԿ-ը երեքշաբթի օրը հրապարակել է Մարդկային զարգացման տարեկան զեկույցը, որտեղ ներկայացվում են կյանքի որակի ցուցանիշները շուրջ 177 երկրներում: Ըստ 2005 թվականի զեկույցի, մարդկային զարգացման ցուցանիշով Հայաստանը 83-րդ տեղում է՝ առաջ անցնելով Վրաստանից եւ Ադրբեջանից, որոնք զբաղեցնում են համապատասխանաբար 100-րդ եւ 101-րդ տեղերը:

Մարդկային զարգացման ցուցանիշը հաշվարկվում է տվյալ երկրի բնակիչների կյանքի տեւողության, գրագիտության մակարդակի եւ համախառն ներքին արդյունքի աճի ցուցանիշների հիման վրա:

Ըստ ՄԱԿ-ի 2005 թվականի զեկույցի, հայաստանցիներն ավելի երկարակյաց են, քան ադրբեջանցիներն ու վրացիները: Կյանքի միջին տեւողությունը Հայաստանում 71 տարի է կազմում, Վրաստանում՝ 70 եւ Ադրբեջանում՝ մոտ 67 տարի:

Գրագիտության մակարդակով Հայաստանը նույնպես առաջ է անցել իր հարեւաններից, սակայն այդ առավելությունը Ադրբեջանի եւ Վրաստանի համեմատությամբ շատ մեծ չէ:

Հայաստանը Վրաստանից առաջ է հատկապես մեկ շնչին բաժին ընկող համախառն ներքին արդյունքի ցուցանիշներով: Հայաստանում այն կազմում է մոտ 3700, իսկ Վրաստանում՝ 2600 դոլար:

Նշենք, որ ԱՊՀ բոլոր երկրները հայտնվել են միջին կենսամակարդակ ունեցող երկրների շարքում: Ռուսաստանը, Բելառուսը, Ուկրանիան համեմատաբար առաջատար դիրքերում են: Ռուսաստանը, օրինակ, զբաղցենում է 62-րդ տեղը: Նախկին խորհրդային հանրապետություններից միայն Էստոնիան, Լիտվան եւ Լատվիան են ընդգրկվել զարգացած երկրների շարքում:

Աշխարհի ամենահարուստ երկրների առաջին տասնյակում են Նորվեգիային, Իսլանդիան, Ավստրալիան, Լյուքսեմբուրգը, Կանադան, Շվեդիան, Շվեցարիան, Իռլանդիան, Բելգիան եւ Միացյալ Նահանգները:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG