Մատչելիության հղումներ

Ադրբեջանի նախկին նախագահը պատրաստվում է վերադառնալ Բաքու


Նոյեմբերի 6-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուների թվում է նաեւ Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը, ով այսօր բացառիկ հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը չորեքշաբթի օրը տարածել է հայտարարություն, ըստ որի երկրի ներքին գործերի նախարարությանը հրահանգ է տրված Բաքու ժամանելուն պես ձերբակալել Այազ Մութալիբովին: Այդուհանդերձ, Մութալիբովը ասաց, որ պատրաստվում է վերադառնալ հայրենիք:

Նա ասաց, որ իրեն չեն վախեցնում դատախազության նման հայտարարությունները:

«Դատախազությունը չէ, որ պետք է այս հարցը որոշի», - ասաց Մութալիբովը: - «Գոյություն ունեն ժողովրդավարական ինստիտուտներ եւ առհասարակ՝ ժողովրդավարական պետությունում չպետք է լինեն քաղաքական էմիգրանտներ»:

Ադրբեջանի նախկին նախագահը, սակայն, չասաց, թե կոնկրետ երբ է պատրաստվում վերադառնալ Բաքու:

Ադրբեջանի դատախազությունը, հիշեցնենք, Այազ Մութալիբովին մեղադրում է մի շարք հարցագործությունների, այդ թվում՝ պետական հեղաշրջման փորձի մեջ:

Խոսելով Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների մասին՝ Մութալիբովը ասաց, թե «մեխակների հեղափոխություն» Բաքվում հազիվ թե լինի: Նրա խոսքերով, դա հիմնականում կախված է նրանից, թե ինչպես իրենց կդրսեւորեն երկրի ներկայիս իշխանությունները:

«Իլհամ Ալիեւը այսօր ունի բացառիկ հնարավորություն իրեն դրսեւորելու որպես ժողովրդավարական սկզբունքներին հետեւող քաղաքական գործիչ», - ասաց նա՝ ավելացնելով, այդուհանդերձ, որ երկրում գոյություն ունի հեղափոխական տրամադրություն:

«Գոյություն ունի հասարակության դժգոհությունը եւ, ամենակարեւորը, գոյություն ունի չլուծված խնդիր՝ Ղարաբաղի խնդիրը», - ասաց Մութալիբովը՝ ավելացնելով. - «Իլհամ Ալիեւի վերջին քայլերը հույս են ներշնչում, որ նրա վարկանիշը կարող է բարձրանալ՝ եթե նրան չխանգարեն»:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG