Մատչելիության հղումներ

«Խանքենդիի 122-րդ ընտրատարածքում» գրանցվել է 10 թեկնածու


Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ անցած ամիս ստեղծած Խանքենդիի (այդպես են արդբեջանցիք անվանում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը) 122-րդ ընտրատարածքում պաշտոնապես արդեն գրանցվել է 10 պատգամավորության թեկնածու:

Թեկնածուները, ինչպես պնդում է ադրբեջանական «Էխո» թերթը, «չեն հրաժարվում հայ ընտրազանգվածից», թեեւ խոստովանում են, որ «առայժմ չեն կարողանում անմիջական շփում ունենալ հայ ընտրողների հետ»:

Ըստ թերթի, ամենաանսովորն այն է, որ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ինտերնետային էջում մինչեւ այժմ բացակայում է այդ ընտրատարածքում ընտրողների թիվը:

Վերջին օրերին Ադրբեջանի ԿԸՀ-ն ավելի ու ավելի հաճախ է դիմում «Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներին»՝ նոյեմբերի 6-ին կայանալիք քվեարկությանը մասնակցելու կոչով: Պարզ չէ, սակայն, թե ինչպես է ենթադրվում առաջադրված թեկնածուների ընտրապայքարը հայ ընտրողների ձայների համար:

Թեկնածուներից մեկը՝ կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամ, տնտեսական զարգացման նախարարության Ապշերոնի շրջանային բաժանմունքի գլխավոր խորհրդական Նազիմ Իսկենդերովը «ԷԽո»-ին ասել է, թե «կան Խանքենդիից տեղահանվածների կոմպակտ բնակության վայրեր` Գյանջայում, Բարդայում Օգուղայում եւ այլուր», որտեղից էլ ինքը մտադիր է սկսել իր քարոզարշավը:

Իսկենդերովի խոստովանությամբ, «Խանքենդիի հայերը հազիվ թե մասնակցեն քվեարկությանը»:

Նրա մրցակիցներից ընդդիմադիր «Ազադլըգ» դաշինքի թեկնածու Իսա Բաղիրովը իր հերթին ասել է. - «Նրանք էլ Ադրբեջանի քաղաքացիներ են, պարզապես ազգությամբ հայ են... Բայց ինչպե՞ս կարող եմ գնալ այնտեղ [Լեռնային Ղարաբաղ]»:

Խանքենդիի ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Ալահվերդի Դոլուխանովը, մինչդեռ, ասել է, որ ԿԸՀ-ն արդեն դիմումներ է հղել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ղեկավարներին՝ աջակցություն խնդրելով «ընտրություններին մասնակցել ցանկացող Խանքենդիի հայ բնակիչների համար» համապատասխան պայմաններ ստեղծելու գործում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG