Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախագահը «դիրքորոշումների մոտեցում» է արձանագրում ղարաբաղյան բանակցություններում


Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը Բաքվում եւ Երեւանում ունեցած հանդիպումներից հետո եզրահանգել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում դիրքորոշումների մոտեցում է նկատվում:

«Ես հուսով եմ, որ երկու կողմերի դիրքորոշումները հնարավորինս ավելի կմոտենան, եւ արդեն այդ դիրքորոշումների մոտեցման նախանշանները կան», - երեքշաբթի օրը Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Ռուպելը: - «Ես կարծում եմ, որ այստեղ գլխավոր խնդիրներից են նախ տարածքային ամբողջականության եւ երկրորդ՝ ազգերի ինքնորոշման սկզբունքները»:

«Ես հասկանում եմ, որ այս երկու արժեքները, այս երկու ուղղությունները կարող են համատեղվել: Սա այն մեսիջն է, որ ես երեկ ստացա Բաքվից, իսկ այսօր՝ Հայաստանից: Բայց, այնուամենայնիվ, եկեք տեսնենք, թե ինչ կլինի բանակցությունների հաջորդ փուլից հետո», - ավելացրեց նա:

Երեւանում Դիմիտրի Ռուպելը հանդիպումներ է ունեցել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատասխանելով հարցին, թե արդյոք ԵԱՀԿ գործող նախագահի, Մինսկի խմբի համանախագահների կողմից նշվող առաջընթացը բանակցություններում ենթադրում է, որ կան որոշակի պայմանավորվածություններ, պատասխանեց. - «Ես չէի ուզենա որեւէ մանրամասն տրամադրել այս պահին, բայց պարոն Ռուպելը, ես կարծում եմ, շատ դիպուկ ասաց, որ այսօր սկզբունքային հարցերի շուրջ կողմերի միջեւ ընդհանուր եզրեր երեւում են: Դա իսկապես այդպես է»:

«Բայց, ինչպես ասում են, իսկապես, սատանան մանրամասների մեջ է», - շարունակեց Հայաստանի արտգործնախարարը: - «Եվ երբ նախարարներս արդեն կսկսենք այդ սկզբունքները բացել, մտնել մանրամասների մեջ, ես կարծում եմ, որ դեռեւս մենք լուրջ խոչընդոտների առաջ կկանգնենք»:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG