Մատչելիության հղումներ

logo-print

Քաղաքապետարանի ներկայացուցիչը պաշտպանում է Երեւանի կենտրոնի կառուցապատման ծրագիրը


Երեքշաբթի առավոտյան, մինչ ոստիկանության աշխատակիցները քանդում էին Բյուզանդի փողոցում բնակիչների կառուցած բարիկադները, Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրի տնօրեն Կարեն Դավթյանը քաղաքապետարանում հրավիրած ասուլիսում հայտարարեց, թե «չարժե այդպիսի աղմուկ բարձրացնել»:

Նա փաստարկեց, թե «անհամաձայնության դեպքեր քաղաքացիների հետ իրենց գրասենյակը քիչ է ունեցել», եւ չարժե ընդհանրացնել «այդպիսի մասնակի դեպքերը»:

«Ընդհանրապես Գլխավոր պողոտայում մենք ունեինք կնքելու մոտ 400 պայմանագիր, որից 375-ը մենք բարեհաջող կնքել ենք՝ առանց որեւէ կոնֆլիկտի: Թե’ Հյուսիսային պողոտայում, թե’ Գլխավոր պողոտայում մենք ունենք ընդամենը 5 տոկոսի անհամաձայնություն բնակիչների հետ», - վստահեցրեց նա՝ պնդելով, թե «մնացածը սուբյեկտիվ մոտեցման արդյունք է»:

«Մարդիկ ունեն ակնկալիքներ, որոնք, կներեք, չեն իրականանում», - պարզաբանեց նա: - «Զբաղեցնելով փոքր մակերեսներ, չունենալով օրինական գրանցված տարածքներ՝ ավելի մեծ ակնկալիքներ ունեն...»:

Փոխհատուցման գումարները, Դավթյանի խոսքերով, կազմել են յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց 800-1000 ԱՄՆ դոլար:

Հյուսիսային պողոտայի բնակիչները նման թվեր բարձրաձայնելը «անամոթություն» են համարում: Նրանց ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին փաստեր թվարկեց, թե բնակիչներից մեկը 96 քառակուսի մետրի դիմաց ստացել է ընդամենը 23 հազար դոլար: Կամ Տերյան 14 հասցեի բնակիչը 183 քառակուսի մետրի դիմաց ստացել է 58 հազար դոլար:

Բացի այդ, նրա խոսքերով, քաղաքացիները դատարանի որոշմամբ վտարվում են իրենց տներից, սակայն հասանելիք գումարները ստանում են ամիսներ անց:

«Որպես համակարգող կազմակերպություն, ինձ մոտ այդպիսի բողոքներ չեն եղել», - հակադարձեց Կարեն Դավթյանը:

Նա, այդուհանդերձ, ավելացրեց. - «Այս պահին մենք չենք գտնում նպատակահարմար որեւէ վտարում այսօր կամ վաղը անել: Ավելի շուտ, ուզում ենք բանակցային պրոցեսով լուծել խնդիրը»:

Այս հավաստիացումները, սակայն, արդեն ժամանակավրեպ էին, քանի որ այսօր վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները քանդել էին Բյուզանդի փողոցում 3 օր առաջ կանգնեցված բարիկադները:


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG