Մատչելիության հղումներ

Սեպտեմբերի 12-ին Փարիզում կայանալու է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցով ենթահանձնաժողովի երկրորդ նիստը, որի ընթացքում նախատեսվում է քննարկել հակամարտության կարգավորմանն առնչվող բոլոր հարցերը:

Ադրբեջանական ANS հեռուստաընկերությունը փոխանցում է ենթակոմիտեում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեի խոսքերը, թե նիստին հրավիրված են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք ենթահանձնաժողովի անդամներին տեղեկացնելու են բանակցային գործընթացի ներկա իրավիճակի մասին:

«Նիստում կայանալու են շատ լուրջ քննարկումներ, եւ մեկ օրվա ընթացքում մենք փորձելու ենք պատասխանել հարցին, թե ինչ առաջարկներ կարող է անել Եվրախորհուրդը բանակցային գործընթացի մասնակիցներին», - նշել է Մոլլազադեն:

ԵԽԽՎ ընդունած բանաձեւերի իրագործմամբ զբաղվող այս ենթահանձնաժողովը ղեկավարում է Եվրախորհրդի նախկին նախագահ, լորդ Ռասսել Ջոնսթոնը:

Նիստին մասնակցելու նպատակով Փարիզ են մեկնելու Հայաստանի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը եւ պատգամավոր Շավարշ Քոչարյանը:

ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների դեսպան Ջուլի Ֆինչլին, մինչդեռ, հայտարարել է, որ առաջիկայում ԵԱՀԿ Մինսկի խումբը կհավաքվի ամբողջ կազմով եւ կքննարկի ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքը:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում դեսպան Ֆինչլին տեղեկացրել է Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների քաղաքականության մասին՝ ընդգծելով, որ «ԱՄՆ-ը առաջնային խնդիր է համարում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»:

Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը վերջերս հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ՝ «կոչ անելով վերջիններիս գնալ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ փոխզիջումների»:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG