Մատչելիության հղումներ

Դիմիտրի Ռուպել. «Հակամարտությունը կարող է լուծվել, հաշվի առնելով տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքները»


Երկուշաբթի օրը Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը, որի առաջին հանդիպումը Երեւանում կայացել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ:

Հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Դիմիտրի Ռուպելը հայտնել է, թե Արկադի Ղուկասյանին տեղեկացրել է Ադրբեջանում իր ունեցած հանդիպումների մասին եւ Լեռնային Ղարաբաղի նախագահի հետ տեղեկատվություն է փոխանակել Լեռնային Ղարաբաղի իրավիճակի շուրջ:

«Ես պարոն Ղուկասյանին փոխանցել եմ այն, ինչ լսել եմ Ադրբեջանում եւ բացատրել, որ ԵԱՀԿ-ն չի կարող աջակցել կողմերից որեւէ մեկին միայն՝ մենք բոլորի հետ ընկերական հարաբերություններ ունենք եւ փորձում ենք հասնել հիմնախնդրի լուծմանը», - հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին՝ հնարավոր է արդյո՞ք, որ հակամարտությունը կարգավորվի մինչեւ այս տարեվերջ, Դիմիտրի Ռուպելը ասաց. - «Հնարավոր է՝ մեծ կամքի առկայության դեպքում: Սակայն, Ադրբեջանում նոյեմբերին տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, իսկ դրանք հակամարտության կարգավորման համար լավագույն բաղկացուցիչը չեն կարող համարվել: Այնուամենայնիվ, նման հնարավորություն կա»:

ԵԱՀԿ գործող նախագահը նաեւ դրական պատասխան տվեց հակամարտության՝ հանրաքվեի միջոցով լուծելու հնարավորության մասին հարցին:

«Կարծում եմ, մենք շատ ժամանակ չունենք խնդրի լուծման համար, ներկայումս գոյություն ունի հնարավորության պատուհան: Բանակցությունները շարունակելը, իմ կարծիքով, լավ գաղափար է», - հայտարարեց Դիմիտրի Ռուպելը:

«Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարող է լուծվել, հաշվի առնելով տարածքային ամբոջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Ես այստեղ հակասություն չեն տեսնում, բայց տարրերը, իհարկե, պետք է դեռ մշակվեն եւ համաձայնեցվեն», - ասաց Դիմիտրի Ռուպելը:

Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը, իր հերթին, անիրատեսական համարեց մինչեւ տարեվերջ հակամարտության կարգավորման հնարավորությունը:

«Շատ դժվար է ասել՝ այսօր կա՞ առաջընթաց, թե՞ ոչ: Ամեն դեպքում, կան տարրեր, որոնք ես բավական դրական եմ գնահատում: Մասնավորապես, այն փաստը, որ Ադրբեջանը արդեն խոսում է հանրաքվեի, Ղարաբաղի կարգավիճակի մասին, ինչին Ադրբեջանը նախկինում ընդհանրապես չէր անդրադառնում: Իմ կարծիքով, Ադրբեջանն այսօր աշխատում է ավելի կառուցողական դաշտում», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտարարեց Արկադի Ղուկասյանը:

«Սակայն հակամարտության կարգավորման գործընթացում նյութական առաջընթաց շատ դժվար է պատկերացնել, քանի որ կան բազմաթիվ հարցեր, որոնք մինչ օրս համաձայնեցված չեն», - ավելացրեց Լեռնային Ղարաբաղի նախագահը:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG