Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


(Շաբաթ, 3-ը սեպտեմբերի)

«Առավոտ»-ի խմբագրի կարծիքով, ընդդիմության մարտավարությունը իսկապես խոցելի է. - «Եթե նա դեմ է սահմանադրական փոփոխությունների այս փաթեթին, ապա Ազգային ժողովի ամբիոնը նա պետք է օգտագործեր ոչ թե ընդհանուր թեմաներով քնարական զեղումների, այլ սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասելու քարոզչության համար»: Այժմ «ընդդիմության պոտենցիալ ընտրազանգվածը», որն Արամ Աբրահամյանը համարում է մեր բնակչության ճնշող մեծամասնությունը, տարակուսանքի մեջ է՝ բոյկոտե՞լ հանրաքվեն, գնալ եւ «ոչ» ասել, թե՞, «առաջընթացը» հաշվի անելով, «այո» ասել»: «Նման ոչ հստակ իրավիճակը դյուրացնում է իշխանությունների՝ հանրաքվեն կեղծելու գործը», - գրում է «Առավոտ»-ի խմբագիրը:

«Հայոց աշխարհ»-ի հարցազրույցում Ազգային ժողովի ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ասում է. - «Ընդդիմությունն ինքն իրեն դրեց գործընթացներից դուրս, ինչը մոտ ապագայում կհանգեցնի նրան, որ այս դաշտում կհաստատվեն այլ ուժեր»: Հայացք ձգելով ապագա հանրաքվեին՝ նա ընդգծում է. - «Հանրաքվեն պիտի կազմակերպվի առավելագույնս թափանցիկ, եւ ժողովրդի քվեն ոչ ոք չի կարող որեւէ ձեւով շրջել կամ անտեսել»: «Անգամ եթե հասարակությունը կողմ չարտահայտվի սահմանադրական փոփոխություններին, կնշանակի այդպես է ճիշտ համարում: Բայց դա չի նշանակում, որ հանրաքվեին հաջորդելու են այլ զարգացումներ: Իշխանության փոփոխության միակ իրական ճանապարհը օրինական հերթական ընտրություններն են», - «Հայոց աշխարհ»-ում սահմանում է ՀՀԿ ներկայացուցիչը:

«Գոլոս Արմենիի» թերթի մատուցմամբ, երթուղային գծերի տերերը հեռուստաէկրանից համոզում են «այո» ասել Սահմանադրության բարեփոխումներին. - «Օլիգարխը, որ պատգամավորական մանդատներ է գնել իր, իր ընկերների ու հարազատների համար, պնդում է, թե փոփոխված Սահմանադրությունը կծառայի ժողովրդին եւ կբարելավի կյանքը: Վարկաբեկված չինովնիկը հեռուստադիտողներին կփորձի ներշնչել, որ հանրաքվեին պետք է «այո» ասել... Եվ այսքանից հետո, երկու տարի ոչինչ չարած ընդդիմությունը ռեկորդային կարճ ժամկետում կարողացավ նորից իր կողմը գրավել դժգոհ հանրությանը»: Ըստ թերթի, ժողովրդի համար շատ կարեւոր է, թե ով է խոսում, եւ հետո արդեն՝ թե ինչ եւ ինչպես է ասում: «Երեք օր շարունակ կոալիցիան պարտվում էր ընդդիմությանը քարոզչական պատերազմում: Չորրորդ օրը ընդդիմությունը լքեց պայքարի դաշտը, իսկ Ազգային ժողովի փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը սահմանադրական փոփոխությունների գործընթացը կոչեց «կորցրած հրավորությունների պատմություն»», - գնատահել է «Գոլոս Արմենիի»-ին:

«Առավոտ»-ում կոչ անելով բոյկոտել Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն՝ Դավիթ Շահնազարյանը պնդում է. - «Սահմանադրական այս փոփոխություններին աջակցելը նույնն է, թե ասել, որ Ռոբերտ Քոչարյանը երրորդ, չորրորդ անգամ անօրինականորեն մնալու է Հայաստանի նախագահի պաշտոնում: Իրականում Քոչարյանի համար սահմանադրական փոփոխությունների բովանդակությունը երկրորդական է. կարեւորը փոփոխությունների փաստն է... Եթե Քոչարյանին հաջողվի անցկացնել հանրաքվեն, նա Սահմանադրական դատարանից էլի մի տեղեկանք կստանա եւ կրկին կառաջադրվի որպես նախագահի թեկնածու»:

«Ինչպես հայտնի է, հայրենի ընդդիմությունը մահու չափ ահաբեկված է Ռոբերտ Քոչարյանի երրորդ, չորրորդ ժամկետով նախագահ վերընտրվելու հեռանկարից», - հեգնում է «Հայոց աշխարհ»-ի մեկնաբանը՝ հավելելով. - «Անշուշտ, նախագահը առիթ ունեցել է ոչ մեկ անգամ հրապարակավ հերքել հհշական ընդհատակյա խոհանոցներում թխված եւ արմատական փանջունիների ուղեղներում ներդրված սույն անհեթեթ մտասեւեռումը»:

Կենտրոն համայնքի գործող թաղապետ, սեպտեմբերի 25-ին այստեղ անցկացվելիք ընտրություններում թաղապետի թեկնածու գրանցված Գագիկ Բեգլարյանը իր եւ հիմնական մրցակցի՝ ՀԺԿ-ից Ռուզան Խաչատրյանի միջեւ սպասվող ընտրապայքարի մասին «Հայկական ժամանակ»-ի հարցազրուցում ասում է. - «Որքան ես հասկանում եմ, Ռուզան Խաչատրյանը քաղաքականացված թեկնածու է, մինչդեռ թաղապետի պաշտոնը քաղաքական չէ եւ այն քաղաքականացնելը անթույլատրելի է»: Ռուզան Խաչատրյանի հաղթանակի հնարավորության մասին հարցին էլ Գագիկ Բեգլարյանը պատասխանում է. - «Եթե հաղթի, ուրեմն նրան սատարող կուսակցությունը լցոնումներ է կատարել»:

«Մեր ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն, օրերս ՀՀ ոստիկանությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ հարկային պետական ծառայությունը ՀՀ բարձրագույն իշխանություններից հրահանգ են ստացել Երեւանի մի քանի համայնքներում թաղապետի առաջիկա ընտրությունները ուշադրության կենտրոնում պահել», - գրում է «Առավոտ»-ը: - «Այդ համայնքների ոստիկանապետերին հրահանգվել է հավաքել թաղապետի եւ անգամ ավագանու անցանկալի թեկնածուների, նրանց հարազատների, նախընտրական շտաբներում աշխատող ակտիվիստների, վստահված անձանց մասին լիարժեք տեղեկատվություն: Դա, հրահանգ իջեցրած պաշտոնյաներին, անհրաժեշտ է ձեռքբերված կոմպրոմատների միջոցով ընտրությունների արդյունքներից դժգոհ թեկնածուներին զսպելու համար, եթե նրանք փորձեն վիճարկել այդ արդյունքները, ինչպես դա եղավ Մալաթիա - Սեբաստիա համայքում»:

«Հայաստանի Հանրապետություն» թերթի հայացքով, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի 7 անդամների կուսակցությունից դուրս գալու քայլի պատճառներն «առաջին հայացքից հասկանալի են թվում». - «Արամ Սարգսյանի հետզհետե ընդգծվող արեւտամետ դիրքորոշումը հակասում էր Ալբերտ Բազեյանի եւ Վաղարշակ Հարությունյանի ընդգծված ռուսամետ գծին»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG