Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ նախագահը Բաքվում քննարկում է Ղարաբաղյան խաղաղ կարգավորումը


Եվրոպայում Անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Դիմիտրի Ռուպելը երկուշաբթի օրը Բաքվում հանդիպումներ է ունենալու Ադրբեջանի ղեկավարների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին, ինչպես նաեւ Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցեր:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, թե ԵԱՀԿ ղեկավարը հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, վարչապետ Արթուր Ռասի-զադեի, խորհրդարանի խոսնակ Մուրթուզ Ալեսքերովի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքի ղեկավար» Նիզամի Բահմանովի հետ:

Հաղորդվում է նաեւ, որ Ռուպելը քննարկելու է նաեւ նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին երկրում ստեղծված իրավիճակը: ԵԱՀԿ նախագահը հանդիպելու է նաեւ Գերթ Արենսի հետ, ով երկուշաբթի օրը Ադրբեջանում աշխատանքը սկսող ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավարն է:

Երկուշաբթի օրը Լեռնային Ղարաբաղի նախագահի մամլո քարտուղարի պաշտոնակատարը հաղորդագրություն է տարածել, ըստ որի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը աշխատանքային այցով ժամանել է Երեւան:

«Նախատեսվում է, որ սեպտեմբերի 5-ի երեկոյան նա հանդիպում կունենա Հայաստանի մայրաքաղաքում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ Դիմիտրի Ռուպելի հետ: Արկադի Ղուկասյանը հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի պաշտոնատար անձանց հետ», - ասված է հաղորդագրությունում:


Լեոնիդ Զիլֆուղարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG