Մատչելիության հղումներ

Հայերը նոր աշխատատեղեր են բացում Չեխիայում


Չեխիայի «Միքո Ինթերնեշընըլ» ընկերությունը, որի հիմնադիրները եւ սեփականատերերը հայեր են, պատրաստվում է 50 միլիոն չեխական կրոնի (ավելի քան 2 միլիոն ԱՄն դոլար) ներդրում կատարել:

Նրանց արտադրած մեղրով տորթը՝ հայկական բաղադրատոմսով, պաշտոնական ապրանքանիշ է ստացել, երեք վկայագիր՝ սանիտարահիգիենիկ չափանիշներին արտադրության համապատասխանության մասին, եւս մեկը՝ Եվրամիության չափանիշներին համապատասխանության մասին:

Բացի Չեխիայից նրանց արտադրած մեղրով տորթը վաճառվում է Ավստրիայում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, Հունգարիայում, Իտալիայում, Շվեյցարիայում:

«Միքո Ինթերնեշընըլ» ընկերությունը գործում է Հյուսիսային Մորավիայի Ֆրիդեկ-Միստեկ քաղաքում: Երեք տարի առաջ ընկերությունը հիմնադրել է Գեւորգ Ավետիսյանը, սեփականատերը քույրն է՝ Հասմիկը: Արտադրութան մեջ ներգրավել են Ֆրիդեկ-Միստեկ քաղաքի գործազրկության գրասենյակում նախկինում գրանցված 64 հոգու, այժմ արտադրությունն ու արտադրամասն ավելի ընդլայնելու կարիք ունեն: Ավետիսյանն ասում է, որ ընկերությունը պարզապես չի հասցնում բավարարել հայկական բաղադրատոմսով այդ տորթերի բավական մեծ պահանջարկը :

«Հետաքրքրությունն աննկարագրելի է», - Չեխիայի Չե-Տե-Կա լրատվական գործակալությանը ասել է Ավետիսյանը:

Այս տարվա առաջին կեսին մեղրով տորթերի վաճառքից «Միքո Ինթերնեշընըլ» ընկերությունը 11,4 միլիոն կրոն է ստացել (մոտ 475 հազար դոլար): Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է նախորդ ամբողջ տարվա հասույթը:


Ռուզան Խաչատրյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG