Մատչելիության հղումներ

Սան Պաուլոյում կբացվի «Հանդուրժողության թանգարան»


Բրազիլիայի կառավարությունը որոշում է ընդունել Հարավային Ամերիկայի խոշորագույն Սան Պաուլո քաղաքի պետական համալսարանի տարածքում հիմնել «Հանդուրժողության թանգարան» (Museo de Tolerancia), ուր համապատասխան բաժիններ կհատկացվեն մարդկության դեմ իրագործված ծանրագույն հանցագործություններին` սկսած հնդկացիների դեմ բռնություններից եւ ինկվիզիցիայից մինչեւ հրեական հոլոքոսթն ու այլ ցեղասպանություններ:


Թանգարանային համալիրի կառուցումը, որին հատկացվելու է 10 մլն ԱՄՆ դոլար, ինչպես հաղորդում է Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովը, կավարտվի 1,5 տարի հետո:



Հաղորդվում է նաեւ, որ օգոստոսի 23-ին «Ֆոլյա դե Սան Պաուլո» թերթում հարցի վերաբերյալ տպագրվել է ընդարձակ հոդված, ուր հեղինակը, հղում կատարելով ապագա թանգարանում Հայոց ցեղասպանության հնարավոր ներկայացմանը, հայտարարել է, թե այդ առիթով Բրազիլիայում Թուրքիայի դեսպան Ահմեդ Գյուրքանը բողոքի նամակ է ուղղել ծրագրի ղեկավարին, նշելով, թե «թուրքական կառավարությունը, երբեք չժխտելով Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին տեղի ունեցած շատ ցավալի իրադարձությունները, չի ընդունում դրանց բնորոշումն իբրեւ ցեղասպանություն»:


Օգոստոսի 31-ին Սան Պաուլոյում Հայաստանի գլխավոր հյուպատոս Աշոտ Եղիազարյանը, ՀՅԴ Հարավային Ամերիկայի Կենտկոմի անդամ Տիգրան Բոխչալյանի, պրոֆեսորներ Հակոբ Քեշիշյանի եւ Երվանդ Թամջյանի ուղեկցությամբ այցելել է Ծրագրի պատասխանատու՝ Անհանդուրժողականության երեւույթների ուսումնասիրման կենտրոնի ղեկավար Անիտա Նովինսկային եւ նրան հանձնել պաշտոնական մի նամակ, որի մեջ, շնորհավորելով թանգարանի նախաձեռնման հեղինակներին, ընդգծել է, թե անկախ Հայոց ցեղասպանությունը ժխտող թուրքական կառավարության կամ նրա դիվանագետների հայտարարությունների, այն հազարավոր փաստագրություններով ճանաչված իրողություն է: Նամակի հեղինակները նաեւ վստահություն են հայտնել, որ Հայոց ցեղասպանությունը իր մշտական տեղը կգտնի ապագա թանգարանի ցուցասրահներում:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG