Մատչելիության հղումներ

Արկադի Ղուկասյան. «Ուրախ եմ, որ հումորի զգացումը Ադրբեջանում զարգանում է»


Մեկնաբանելով Ղարաբաղի ժողովրդին ուղղված Ադրբեջանի իշխանությունների կոչը՝ մասնակցել Ադրբեջանում նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին, Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանը ուրբաթ օրը հայտարարել է, թե «ուրախ է, որ Ադրբեջանում հումորի զգացումը զարգանում է»:

Ռուսաստանյան «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Արկադի Ղուկասյանը անդրադարել է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայացած հանդիպմանը՝ նշելով , թե «բանացությունները կրում են կոնֆիդենցիալ բնույթ եւ ժամանակից շուտ փակագծեր բացելը ճիշտ չէր լինի»:

«Գտնում եմ, որ գործընթացը նորմալ շարունակվում է, եւ մենք մտահոգվելու հիմքեր չունենք», - ասել է նա:

Ադրբեջանի իշխանությունների կոչի եւ Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) կողմից Ղարաբաղի բնակչության համար ընտրատարածք բացելու մասին մեկնաբանությամբ ավելի վաղ հանդես էր եկել ԼՂՀ արտգործնախարար Արման Մելիքյանը:

«Ադրբեջանի ԿԸՀ կողմից ընտրատարածքների կազմավորումն այն տարածքների բնակչության համար, որոնց վրա ներկայումս տարածվում է ԼՂՀ ինքնիշխանությունը, լուրջ վտանգ է ներկայացնում Ադրբեջանում հնարավոր ժողովրդավարական վերափոխումների համար, քանի որ սրանով երկրի իշխանությունները հնարավորություն են ստանում օգտագործել առնվազն մի քանի հարյուր հազար վիրտուալ ընտրողների ձայները` հանուն գործող իշխանավորների շահերի», - «Դե-ֆակտո» գործակալությանը ասել էր Մելիքյանը:

Համանման արդյունք, ըստ նրա, սպասվում է նաեւ առաջարկվող էլեկտրոնային քվեարկության դեպքում: Ադրբեջանի ԿԸՀ-ի այս քայլերը նաեւ վկայում են, որ տեղական եւ միջազգային դիտորդները զրկված են լինելու Ադրբեջանում ընտրությունների ընթացքը լիարժեք վերահսկելու հնարավորությունից:

Արման Մելիքյանը պատասխանել է նաեւ հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԼՂՀ քաղաքացիները մասնակցեն Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններին. - «ԼՂՀ գործող օրենսդրությունը նախատեսում է երկքաղաքացիության իրավունք, իսկ դա նշանակում է, որ եթե երբեւէ ԼՂՀ քաղաքացին ձեռք բերի նաեւ Ադրբեջանի քաղաքացիություն, այսպիսով դառնալով երկքաղաքացի, ապա ԼՂՀ եւ Ադրբեջանի միջեւ միջպետական համաձայնագիր կնքելու հարց կծագի, որը փոխհամաձայնության հիման վրա կկանոնակարգի երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքներին եւ պարտականություններին վերաբերող հարցերը, այդ թվում նաեւ նրանց ընտրական իրավունքի իրականացման խնդիրները: Այդպիսին է միջազգային պրակտիկան»:

«Նման համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ է նախապես լուծել մի շարք խնդիրներ», - շարունակել է Մելիքյանը, - «Նախ եւ առաջ, դա Ադրբեջանական Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության ճանաչման հարցն է, առանց որի հետագա քայլերն անհնար կլինեն: Երկրորդ` Ադրբեջանի օրենսդրությունը պետք է նախատեսի երկքաղաքացիության իրավունք եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան փոփոխությունների ենթարկվի: Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել երկքաղաքացիության վերաբերյալ միջպետական համաձայնագրի կնքման մասին»:

«Չեմ կարծում, որ ադրբեջանական կողմը կհասցնի իրականացնել անհրաժեշտ գործողությունները մինչեւ Ադրբեջանում հերթական ընտրությունները, թեեւ ամեն ինչ կախված է միայն ադրբեջանական ղեկավարների քաղաքական կամքից, եւ նշված ուղղությամբ դրական քայլերը կողջունվեն», - ամփոփել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարը:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG