Մատչելիության հղումներ

Յուրի Մերզլյակով. «Բոլոր հիմքերը կան գոհ լինելու Կազանի հանդիպումից»


ԵԱՀԿ Մինսկի համանախագահները ԵԱՀԿ գործող քարտուղար Դիմիտրի Ռուպելին տեղեկացրել են Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ օգոստոսի 27-ին Կազանում կայացած հանդիպման մանրամասների մասին: Այդ նպատակով համանախագահները հանդիպումից անմիջապես հետո մեկնել են Սլովակիայի մայրաքաղաք Լյուբլյանա:

«Նախագահների վերջին բանակցությունները շատ օգտակար էին: Հանդիպումը անցել է լավ մթնոլորտում, քննարկումը շատ մանրամասն էր եւ ընթանում էր մեր սպասված հունով: Մենք՝ համանախագահներս, բոլոր հիմքերն ունենք բավարարված լինելու, կարծում եմ՝ բոլորը գոհ մնացին», - ադրբեջանական ANS հեռուստաընկերությանը հայտնել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:

Ռուսաստանցի դիվանագետը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արվել են արդյո՞ք նոր առաջարկներ հանդիպման ընթացքում՝ նշելով, թե «բանակցությունների հաջող ընթացքը կախված է գաղտնիության պահպանումից»:

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եւ արտգործնախարարների նոր հանդիպմանը, Յուրի Մերզլյակովը նշել է, թե համանախագահները կգործադրեն բոլոր ջանքերը, որպեսզի այդ հանդիպումը կայանա մինչեւ ընթացիկ տարեվերջ:

«Իսկ մինչ այդ կողմերը պետք է վերջին բանակցությունների հիման վրա իմաստավորեն այն ամենը, ինչի մասին խոսվել է եւ իրենց կարծիքը փոխանցեն համանախագահներին», - ասել է դիվանագետը:

Ինչ վերաբերում է համանախագահների հերթական այցին տարածաշրջան, ապա, ըստ Մերզլյակովի, այն նախատեսվում է «մինչեւ դեկտեմբեր ամիսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG