Մատչելիության հղումներ

Ջոն Էվանս. - «Հայաստանում կա հնարավորություն անհրաժեշտ փոփոխությունները իրականացնել սահմանադրական ճանապարհով»


Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Էվանսի կարծիքով, Հայաստանում ներկայումս հնարավորություն կա «անհրաժեշտ փոփոխությունները իրականացնել սահմանադրական ճանապարհով՝ Հայաստանի բարեկամների օգնությամբ, որոնք շատ են»:

«Կարծում ենք, որ հիմա ժամանակն է կառուցելու եւ այն ոլորտերի վրա ուշադրություն դարձնելու, որտեղ բարեփոխումները ավարտին չեն հասցվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում ասաց Ջոն Էվանսը: - «Այս երկու տարիներին՝ մինչեւ ընտրությունները, մենք մտադիր ենք աշխատել շատ ինտենսիվ մի քանի ոլորտներում Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության, հասարակական կազմակերպությունների հետ՝ ապահովելու համար 2007-2008-ի ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Մենք կներդնենք դրա համար անհրաժեշտ ռեսուրսները: Կան գաղափարներ որոշակի գործողությունների վերաբերյալ, որ պետք է իրականացվեն՝ ապահովելու համար ցանկալի արդյունքները»:

Դեսպանը հավելեց, որ աշնանը հրապարակելու է բազմակողմանի ծրագիր, որ նպատակ ունի աջակցել Հայաստանին այն «քաղաքական բարեփոխումներում կամ տեխնիկական խնդիրներում», որ անհրաժեշտ են 2007-2008-ին ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու համար:

Անցյալ շաբաթ՝ սահմանադրական փոփոխությունների խորհրդարանական քննարկումներից առաջ, դեսպան Էվանսը հոդված էր հրապարակել՝ կոչ անելով բոլոր կողմերին մասնակցել քննարկումներին եւ, ըստ էության, իր աջակցությունը հայտնեց ներկայացված կոալիցիան փաթեթին:

«Իմ հոդվածը նպատակ ուներ կոչ անել բոլոր կողմերին ներգրավվել կառուցողական եւ պատասխանատու քննարկմանը, քանի որ սա շատ կարեւոր խնդիր է», - այսօր ասաց Էվանսը: - «Մենք չենք փորձում հայաստանցի ընտրողներին ասել, թե ինչպես քվեարկել: Միակ բանը, որ մենք ասում ենք, որ սա կարեւոր խնդիր է եւ այն արժանի է ընտրողների ուշադրությանը եւ պատասխանատու քննարկման Ազգային ժողովում: Ես կարծում եմ, որ անհրաժեշտ էր հստակեցնել, թե ինչ դիրքորոշում ունենք մենք այս հարցում: Մենք իրոք կարծում ենք, որ փոփոխութունները մեկ քայլ առաջ են»:

Դեսպանը նաեւ ասաց, թե դեռ վերջնական հաղորդագրություն չի ստացել քննարկումների ընթացքի մասին, բայց ողջունեց ընդդիմության մասնակցությունը դրանց:

Արդեն ակնհայտ է, սակայն, որ ընդդիմությունը կոչ է անելու իր աջակիցներին դեմ քվեարկել փոփոխություններին: Ի պատասխան հարցին, թե այդ դեպքում ինչպիսի՞ն կլինի Միացյալ Նահանգների արձագանքը, Էվանսը առաջարկեց սպասել մինչեւ գործընթացի ավարտը եւ գուշակություններ չանել հնարավոր արձագանքների վերաբեյալ թե’ Միացյալ Նահանգների, թե’ եվրոպական կառույցների կողմից:

Ընդդիմության մտահոգություններից մեկը սահմանադրական բարեփոխումներից հետո 3-րդ անգամ նախագահի պաշտոնում Ռոբերտ Քոչարյանի առաջադրվելու տեսական հնարավորությունն է: Ջոն Էվանսը այս առիթով ասաց, թե իրեն «բավական բարձրաստիճան պաշտոնյաներ վստահեցրել են, որ դա իրատեսական հեռանկար չէ»:

Ընդդիմության կոչը՝ դեմ քվեարկել սահմանադրական փոփոխություններին, բավական կբարդացնի հանրաքվեում դրական արդյունք ստանալու իշխանությունների խնդիրը: Հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե հանրաքվեն ընտրախախտումներով անցնի, Միացյալ Նահանգների դեսպանը պատասխանեց. - «Հատկապես աշխարհի այս հատվածում վերջին մի քանի տարվա ամենալուրջ դասերից մեկը այն է, որ եթե ընտրություններ կեղծվում են, դա կարող է հանգեցնել այս կամ այն տեսակի լուրջ բարդությունների, որոնք կարող են արտահայտվել փողոցներում: Դրան մենք ականատես եղանք որոշ երկրներում: Եվ դա հղի է մեծ ռիսկերով, երբ քաղաքական որոշումները կայացվում են փողոցներում եւ ոչ թե ընտրությունների միջոցով: Կամ կարող է հանգեցնել աճող անվստահության մթնոլորտի ձեւավորման, որ ազդում է իշխանությունների լեգիտիմության վրա: Այս դասերը պետք է պարզ լինեն ոչ միայն Հայաստանի, այլ աշխարհի այս հատվածի բոլոր երկրների համար: Մարդիկ սպասում են արդար եւ ազնիվ ընտրություների, եւ ԱՄՆ-ը նույնպես այդ է ուզում տեսնել»:

ԱՄՆ դեսպանը ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը շարժվում է ճիշտ ուղղությամբ թե’ քաղաքական, թե’ տնտեսկական ոլորտներում: Արդյո՞ք սա նշանակում է, որ ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ոլորտներում առաջընթաց գրանցվել է: Հարցին ի պատասխան, Էվանսը ավելի շատ առանձնացրեց տնտեսական առաջընթացը՝ խոսելով վերջին 4 տարիների եւ այս տարի սպասվող տնտեսական աճի մասին:

«Մենք կարծում ենք որ հասարակության մեջ նաեւ այլ զարգացումներ կան: Սա չի բացառում նաեւ, որ որոշ ոլորտներում առաջընթացը կարող էր եւ ավելի արագ լինել», - ավելացրեց նա:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG