Մատչելիության հղումներ

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները


Հինգշաբթի օրը, խորհրդարանական ընդդիմության բացակայության պայմաններում, Ազգայի ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների փաթեթը՝ 98 կողմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Նիստին ներկա լրագրողները, մինչդեռ, հաշվել էին, որ քվեարկության պահին դահլիճում միայն 82 պատգամավոր կար:

Այս ամիս ավելի ուշ երրորդ ընթերմամբ քննարկումներում նախագիծը կարող է ենթարկվել սոսկ խմբագրական փոփոխությունների: Սահմանադրական այս փոփոխություններին աջակցում են Եվրամիությունը, Եվրոպայի խորհուրդը եւ Միացյալ Նահանգները՝ գտնելով, որ այն առաջընթաց քայլ է դեպի ժողովրդավարություն:

Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, առաջարկված փոփոխությունները ո9 էական է համարում եւ արդեն հայտարարել է, որ «ոչ» է ասում դրանց:

«Ես կասեի, որ ընդունվեց երկրորդ ընթերցմամբ կոպիտ խախտումով», - «Ազատություն» ռադիոկայանին հինգշաբթի օրը ասաց «Արդարություն» խմբակցության ղեկավար, Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ Ստեփան Դեմիրճյանը: - «Կասեի, որ հիմք դրվեց ոչ լեգիտիմ գործընթացի սկզբին... [Իշխանությունները] կեղծում են ընտրությունները, կփորձեն կեղծել նաեւ հանրաքվեն: Դա իրենց գործելակերպն է»:

Այսօրվա նիստում, հարկ է նշել, որ խորհրդարանի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը մի քանի անգամ պնդեց, թե ամեն ինչ անցել է Ազգային ժողովի կանոնակարգի սահմաններում:

Ազգային ժողովի մյուս փոխխոսնակը՝ Դաշնակցության ղեկավար անդամ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասաց, թե այսօրվանից սկսվում է քարոզարշավը, այսօրվանից պետք է համոզել ժողովրդին «այո» ասել:

«Այն ընդդիմությունը, որը չի ընդունում երկիրը ղեկավարելու եւ երկրում բարեփոխումներ կատարելու իշխանության իրավունքը, ինքն իրեն տանում է փակուղի, ինքն իրեն տանում է ընդհատակ, ինքն իրեն տանում է օրենքից դուրս գործողություններ», - ընդդիմությանն անդրադառնալով՝ ասաց Հովհաննիսյանը:

Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համար ընդդիմության պահվածքը անակնկալ չէր: Հինգշաբթի օրը նա լրագրողներին ասաց, թե հիմնականում գոհ է քննարկումներից, եւ «ամեն ինչ բնականոն է ընթանում»:

Իսկ հանրաքվեի հնարավոր տապալման մասին, նրա խոսքերով, անգամ մտածել չարժե: Հարցին, թե, այնուամենայնիվ, նման հեռանկարի դեպքում կարելի է՞, ինչպես ընդդիմությունն է ասում՝ դա դիտարկել որպես իշխանությունների նկատմամբ անվստահության գործոն, պաշտպանության նախարարը պատասխանեց. - «Այս հարցով, այո, կհամարենք, որ ժողովուրդը չի վստահում իշխանություններին:Բայց դա չի նշանակում, թե ընդհանրապես չի վստահում»:

«Այս իշխանությունները վստահության քվե չունեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում հակադարձեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը՝ փաստարկելով. - «Մեր երկրում գործող իշխանություններին կասկածում են հոկտեմբերի 27-ի մեջ, կասկածում են շատ եւ շատ քրեական եւ տնտեսական մութ գործարքների մեջ: Եվ այդ պատճառով այս իշխանությունների արած որեւէ քայլ չի կարող հասարակության կողմից ընդունվել»:

Արամ Սարգսյանի համոզմամբ, առաջիկա հանրաքվեն ընդդիմության համար լայն հնարավորություններ է բացում՝ «հասարակության հետ շփվելու եւ իրագործելու այն գործընթացները, ինչը հասարակությունը սպասում է ընդդիմությունից. այսինքն՝ փոխել այս իշխանություններին»:

Վահան Հովհաննիսյանը, մինչդեռ, վստահ է, որ Հայաստանը չի կարող թավշյա հեղափոխության բեմ լինել: «Որովհետեւ պետք է հաշվի առնել մեր ժողովրդի մենթալիտետը եւ հաշվի առնել, որ մեր ժողովուրդը զգուշավոր եւ կոնսերվատիվ ժողովուրդ է: Շատ լավ հասկանում է երկրի առջեւ կանգնած մարտահրավերները, որոնք ներքին ցնցումներով երբեք չեն լուծվի», - փաստարկեց նա:


Հրաչ Մելքումյան եւ Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG