Մատչելիության հղումներ

logo-print

Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնության Ապրիլի 24-ի հանձնախումբը պահանջագիր է ներկայացրել երկրի խորհրդարանին


Օգոստոսի 30-ին Նիդերլանդների Հայկական կազմակերպությունների դաշնության Ապրիլի 24-ի հանձնախումբը Նիդերլանդների խորհրդարանի Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վան Հետերենին փոխանցել է պահանջագիր (petition) Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ-թուրքական սահմանների բացման անհրաժեշտությունը պարզորոշ կերպով Եվրամիությանը Թուրքիայի անդամակցելու շուրջ բանակցությունների շրջանակում ընդգրկելու վերաբերյալ՝ փաստարկելով, որ հակառակ դեպքում, բանակցությունների շրջանակում արդեն իսկ հիշատակված բարիդրացիական հարաբերությունների չափանիշը նպատակին չի ծառայի:

Հայոց Ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի մամլո կենտրոնը հայտնում է, որ Ապրիլի 24-ի հանձնախմբի ներկայացրած պահանջագիրը Նիդերլանդների Ներկայացուցիչների տանը եւ արտգործնախարարին կոչ է անում Եվրամիության շրջանակներում պնդել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը ներառվի Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային փաստաթղթում:

Պահանջագրում ընդգծվում է այն միտքը, որ հոկտեմբերի 3-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունների հնարավոր սկսման վերաբերյալ Եվրամիության 2004 թ. դեկտեմբերի 17-ին ընդունած որոշումից հետո Թուրքիան շարունակել է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը ոչ միայն Թուրքիայի ներսում, այլեւ եվրոպական հաստատություններում:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ քանի որ հարեւան պետությունների հետ բնականոն հարաբերությունները Կոպենհագենի չափանիշի մաս են կազմում, ապա Թուրքիան պետք է մինչեւ բանակցությունների սկիզբը բացի Հայաստանի հետ սահմանը, որին պետք է հետեւի Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը:

«Եթե մինչեւ բանակցությունների սկիզբը դա տեղի չունենա, ապա Հայաստանի հետ սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման չափանիշները նույնպես պետք է ընդգրկվեն բանակցությունների շրջանակային փաստաթղթում», - ասված է պահանջագրում:

Նիդերլանդների խորհրդարանի Ներկայացուցիչների տունը 2004 թվականի դեկտեմբերին ընդունված բանաձեւում Նիդերլանդների կառավարությանը կոչ է արել շարունակաբար բարձրացնել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության ենթատեքստում:

Նիդերլանդների արտգործնախարար Բոտը բազմիցս Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումների ընթացքում արծարծել է այդ հարցը, այդուամենայնիվ, այդ չափանիշը հիշատակված չէ Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների շրջանակային փաստաթղթում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG