Մատչելիության հղումներ

logo-print

Խորհրդարանական ընդդիմությունը «ոչ» է ասում սահմանադրական փոփոխություններին


Չորեքշաբթի օրը Ազգային ժողովում ներկայացված ընդդիմադիր ուժերը՝ «Արդարություն» դաշինքը եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունը սահմանադրական փոփոխությունները քննարկող արտահերթ նստաշրջանի նիստում բավական բուռն քննարկումներից հետո հայտարարեցին, որ «ոչ» են ասելու դրանց:

«Արդարություն» խմբակցությունը, անընդունելի համարելով ներկայացված նախագծում մի շարք հոդվածներ եւ անցումային դրույթներ, նկատի ունենալով, որ թերի են կատարվել իր կողմից ներկայացված բովանդակային առաջարկները, որեւէ քայլ չի արվում վստահության մթնոլորտ ձեւավորելու համար, չի մասնակցելու քվեարկությանը, «ոչ» է ասելու հանրաքվեին, «ոչ» է ասելու անօրինական իշխանությանը», - իր ելույթում ասաց Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ) նախագահ, «Արդարություն» դաշինքի եւ խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը:

Խորհրդարանում ներկայացված մյուս ընդդիմադիր քաղաքական ուժի՝ «Ազգային միաբանություն» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը Աժ ամբիոնից մինչ այդ հայտարարել էր. - «Սիրելի ժողովուրդ, եթե դուք ասում եք «ոչ» Սահմանադրությանը, իսկ «Ազգային միաբանություն»-ը կոչ է անում միարժեքորեն ասել «ոչ», դուք ասում եք «ոչ» հոկտեմբերի 27-ի կազմակերպիչներին, դուք ասում եք «ոչ» 1998-2006 թվականների կեղծված ընտրություններին, դուք ասում եք «ոչ» 2004 թվականի ապրիլի 5-ի եւ 12-ի բարբարոսություններին: Եվ վերջապես, դուք ասում եք, որ իրական իշխանությունը պատկանում է ժողովրդին»:

Ստեփան Դեմիրճյանի ելույթից հետո ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները դուրս եկան Ազգային ժողովի նիստերի դահլիճից, ինչից հետո խորհրդարանը 92 կողմ, 1 դեմ ձայնով (Մանուկ Գասպարյան), առաջին ընթերցմամբ ընդունեց փոփոխությունները: Երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը կայանալու է վաղն առավոտյան, իսկ երրորդ ընթերցումը՝ սեպտեմբերի 12-ին:


Արմեն Զաքարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG