Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


«Օգոստոսի 24-ին Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ոգելից խմիչք օգտագործած վիճակում այցելել էր իր եղբորը պատկանող «Օազիս» սրճարանը, որտեղ իր մոտ եղած արտասահմանյան մակնիշի հրազենով անկանոն կրակոցներ էր արձակել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, ջարդվել են սրճարանի ապակիները», - հայտնում է «Առավոտ»-ը: Թերթի տեղեկություններով, փաստի առթիվ Գյումրիի դատախազությունում նախապատրաստվում են նյութեր՝ կատարվածը քննելու եւ գործին ընթացք տալու համար: Ըստ «Հայկական ժամանակ»-ի, Վարդան Ղուկասյանը ատրճանակից կրակ է բացել Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի թվով 15 զինծառայողների վրա. - «Քաղաքապետը, որը եղել է հարբած վիճակում, վեճի է բռնվել մոտակա սեղանի շուրջ նստած ռուս զինծառայողների հետ: Ընթացքում նրա նյարդերը տեղի են տվել, ու նա ողջ պահունակը դատարկել է ռուսների ուղղությամբ: Բարեբախտաբար տուժածներ չկան, չնայած, ըստ թերթի, չի բացառվում, որ սրա պատճառն այն է, որ զինծառայողների թիվը Վարդան Ղուկասյանի աչքերում ավելի մեծ է եղել ու նա չի կարողացել ճիշտ ուղղությամբ կրակել»: «Զինվորականներն արդեն հայտարարություն են տվել կատարվածի կապակցությամբ ու հիմա ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում», - փոխանցում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ընդգծելով. - «Շատ կարեւոր է այն հանգամանքը, որ ատրճանակը եղել է ապօրինի: Իսկ Գյումրիի քաղաքապետանում որեւէ մեկնաբանություն չեն անում: «Չի եղել նման դեպք», - ասում են նրանք:

«Սահմանադրական մելոդրամա» վերնագրի ներքո «Հայկական ժամանակ»-ը պատկերում է. - «Իրար հաջորդելով՝ ընդդիմադիր եւ իշխանամետ պատգամավորները, օգտագործելով հայոց լեզվի ողջ հնարավոր ամպլիտուդը, ջանք ու եռանդ չէին խնայում ուղիղ եթերով իրենց շատ ուշադիր հետեւող հայ հասարակությանը սեփական ճշմարտացիությունը ապացուցելու համար... Ու եթե կոալիցիայի պատգամավորների համար ճշմարիտը սահմանադրական բարեփոխումների նախագիծն է, որին «այո» չասելը հավասարազոր է լինելու կործանման, ընդդիմության ճշմարտությունը սահմանադրական նախագծին «ոչ» ասելն է: Իսկ ժողովուրդը հաճույքով իր օրն անց է կացնում ուղիղ եթերի առաջ եւ, ասում են, անգամ բրազիլական սերիալներն են մղվել երկրորդ պլան»: «Ազգ»-ի մեկնաբանի հայացքով, խորհրդարանական քննարկումների ուղիղ հեռարձակումը չի ծառայում իր հիմնական նպատակին՝ լայն հեռուստադիտողի իրազեկմանը, քանի որ նա մինչեւ այժմ ծանոթ չէ բուն նախագծին: «Բնակչության մեծ մասի համար այդ քննարկումները մնացին թամաշայի նման մի բան», - գնահատված է այստեղ: - «Լսելով հակադիր տեսակետները, հեռուստադիտողը չի կարող նայել իր ձեռքին գտնվող նախագծին, գտնել համապատասխան դրույթը եւ փորձել ինքնուրույն լուծել «ում հավատալ» գլուխկոտրուկը»:

«Հայոց աշխարհ»-ի հարզազրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը նշում է. - «Նման բնույթի առաջադեմ Սահմանադրություն մենք չենք կարողանա ընդունել գալիք մի քանի տարիներին՝ եթե այսօր գործընթացը տապալվի»: Նրա պարզաբանումներով՝ եթե մենք դիտարկենք ընդդիմության գործունեության այսօրվա տրամաբանությունը, ապա այնտեղ առանցքային խնդիրը իշխանափոխությունն է: Բայց եթե անգամ այդ իշխանափոխությունը տեղի ունենա, ապա արդյունքում չեն իրականացվի սահմանադրական փոփոխություններ, որոնք կլինեն ավելի լավը, քան առաջարկվում է այսօր: Որովհետեւ այդ ժամանակվա ընդդիմությունը կասի. ես որդեգրում եմ այն նույն մարտավարությունը, ինչ դուք մի քանի ամիս կամ տարի առաջ»:

«Սթափ պատասխանատվություն եւ պատասխանատու սթափություն», - առաջին էջի ընդգծված վերնագրի ներքո «Հայաստանի Հանրապետություն» թերթն ավետում է. - «Այսօր նախագահ Ռոբերտ Քոչարյանի ծննդյան օրն է»: «Գլխավորը ճիշտ նավարկելն է, նավապետի համար առավել եւս՝ նավն ու ուղեւորներին բարեհաջող տեղ հասցնելը՝ անկախ եղանակից: Պետություն կառավարելիս առաջնահերթ պիտի իրատեսորեն նայել իրավիճակին... Զուտ քաղաքական ռոմանտիզմով երկիրը ղեկավարելը նման է փոթորկին նավը ծով դուրս բերելուն, ինչ է, թե դա շատ գեղեցիկ պատկեր կարող է լինել եւ հրաշալի նյութ՝ ծովանկարչի համար», - այլաբանորեն պատկերում է «Հայաստանի Հանրապետություն»-ը՝ շարունակելով. - «Նավապետ Քոչարյանին բաժին է ընկել նավապետություն անելու մի ժամանակահատված, երբ եղանակը կամակոր է, ուղեւորները՝ հիմնականում ափ հասնելուն անհամբեր սպասող, իսկ բազում փորձություններն անցած նավն էլ անընդհատ ճանապարհին վերանորոգվելու անհրաժեշտություն ունի: Օգտագործելով իր կենսափորձը՝ նավապետը սառնասրտորեն ղեկը պահում է իր ձեռքերում: Նա չի կորցնում պահի զգացողությունը եւ սովոր չէ խուսափել պատասխանատվության բեռ ստաձնելուց…»:

«Հայոց աշխարհ»-ը, շնորհավորելով նախագահին ծննդյան օրվա կապակցությամբ, նաեւ ցանկանում է, որ Ռոբերտ Քոչարյանն ունենա «ճշմարտախոս ու աներկյուղ խորհրդականներ, ազնիվ ու բանիմաց նախարարներ, օրենքը հարգող պատգամավորներ, համեստ կենցաղ վարող գործարար-պաշտոնյաներ ու մի քիչ էլ առողջ ընդդիմություն»: «Առավոտ»-ն էլ շնորհավորում է նախագահին՝ հույս հայտնելով, որ 2008-ին «կշնորհավորի նրան որպես շարքային քաղաքացու»:


Հրաչ Մելքումյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG