Մատչելիության հղումներ

Մամուլի տեսություն


Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների կազանյան «անարդյունք բանակցություններին»՝ «Ազգ»-ն այսօր գրել է. - «Ակնհայտ է, որ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում անցկացվող հանդիպմանը, երբ նիստը, փաստորեն, ազդարարում է տվյալ կառույցի մոտալուտ կազմալուծման մասին, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները չէին կարող լրջորեն քննարկել ղարաբաղյան հիմնահարցը, առավել եւս՝ փոխզիջումներ կատարելու հարցում համաձայնության գալ, էլ չենք խոսում կարգավորման մասին»:

«Իրավունք»-ը, իր հերթին, նկատել է, թե Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի բանակցությունները ոչ մի կոնկրետ արդյունք տալ չեն կարող, քանզի երկու երկրների նախագահներին էլ ամենեւին պետք չէ ստանձնել մի փոխզիջումային նախաձեռնություն, որը հանրային հուզումների առիթ կարող է դառնալ։ Ըստ թերթի, իրավիճակը չի փոխվում նաեւ նրանով, որ ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հանդիպումից առաջ զանգահարել է ե’ւ Քոչարյանին ե’ւ Ալիեւին։ Դրանով, ըստ էության, Վաշինգտոնը ընդամենը հասկացնում է, որ ղարաբաղյան կարգավորումը ոչ մի կերպ չի կարող լինել Ռուսաստանի մենաշնորհը։

«Հայկական ժամանակ»-ը, խտացնելով նույն թեմայի գույները, գրել է, թե Կազանում Քոչարյանն ու Ալիեւը ոչ միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար որեւէ կոմպրոմիսի չեն գնացել, այլեւ, ընդհանրապես որեւէ առաջընթաց չեն արձանագրել: Ըստ թերթի մեկնաբանի, միայն «Ժամանակ» ծրագրի լռությունից արդեն կարելի է վստահ լինել, որ Կազանում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ բանակցություն` որպես այդպիսին, ուղղակի տեղի չի ունեցել: «Իհարկե, սա մեծ հիասթափություն է Վլադիմիր Պուտինի համար եւ մեծ հարված նրա հեղինակությանը», - գրել է թերթն ու հավելել, թե սա բավական լուրջ հարված է նաեւ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք չէին թաքցնում, որ լուրջ սպասելիքներ ունեն Կազանի հանդիպումից»:

Նույն պարբերականը, նկատելով, թե Եվրախորհուրդը Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ համանման քաղաքականության համար տեղ է թողնում, զուգորդել է. - «Արեւմուտքը Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի առաջ հստակ խնդիրներ է դրել. Քոչարյանից պահանջվում է ազատ եւ արդար հանրաքվեով անցկացնել Սահմանադրության բարեփոխումների փաթեթը, Իլհամ Ալիեւի խնդիրը երկրում ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն է: Արեւմուտքը այս կերպ Քոչարյանին եւ Ալիեւին իրենց երկրներում առկա վստահության ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն է տալիս: Եվ եթե ՀՀ Սահմանադրության կոալիցիոն փաթեթը ազատ քվեարկությամբ հավաքի անհրաժեշտ թվով ձայներ, Քոչարյանի լեգիտիմության հարցը կարելի է փակված համարել»: «Հայկական ժամանակ»-ը հավելել է, որ եթե Ադրբեջանում տեղի ունենա ժողովրդավարական հեղափոխություն, Ալիեւը հեռացվի իշխանությունից, Քոչարյանն էլ հանրաքվեի ընթացքում հանրության վստահությանը չարժանանա, Հայաստանը կարող է վերածվել ոչ լեգիտիմության կղզյակի, ինչին, անշուշտ, կհետեւի Արեւմուտքի ուժեղ ռեակցիան: Ամեն դեպքում, ըստ թերթի, կարծես թե Արեւմուտքը խնդիր է դրել` օգնել Ադրբեջանին եւ Հայաստանին, որ նրանք 2006 թվականը դիմավորեն վստահություն վայելող իշխանություններով:

«Առավոտ»-ի խմբագրականն իր չփարատված կասկածներն է փոխանցել սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ. - «Հասարակության մեջ դարձյալ կասկածներ կան, որ իշխանությունը փոխում է Սահմանադրությունը՝ Ռոբերտ Քոչարյանի համար 3-րդ անգամ ընտրվելու հնարավորություն ստեղծելու նպատակով: Որ կառավարությունը, ըստ էության, նորից կկազմվի նախագահին հավատարմության սկզբունքով: Որ դատական համակարգը կշարունակի մնալ կախյալ եւ կոռումպացված: Որ պատգամավոր եւ թաղապետ դարձյալ կդառնան քրեական տարրեր»: «Որքանով են այդ կասկածները հիմնավոր, ժամանակը ցույց կտա», - եզրակացրել է թերթը։

«Հայոց աշխարհ» թերթը փոխանցել է, թե բջջային ծառայության սակագների իջեցման հետեւանքով կրած կորուստները «ԱրմենՏել»-ը մտադիր է փոխհատուցել ֆիքսված կապի ոլորտից։ Ըստ թերթի մեկնաբանի, կորցնելով բջջային ցանցում գերշահույթ ստանալու հնարավորությունը, «ԱրմենՏել»-ը փորձում է ապահովագրել իրեն հեռահաղորդակցության առավել ցածր շահութաբերություն ապահովող ոլորտներում ներդրումներ անելու պարտավորությունից։ Եթե բարձր շահութաբերության պայմաններում անգամ ընկերությունը մեծ դժկամությամբ էր կատարում ներդրումներ, ապա նոր պայմաններում, ըստ մեկնաբանի, անիմաստ է խոսել այդ մասին։


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG