Մատչելիության հղումներ

Էլմար Մամեդյարով. «Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի հարցը չպետք է դիտարկվի հակամարտության կարգավորման մյուս տարրերից անջատ»


Ադրբեջանի արտգործնարար Էլմար Մամեդյարովը երկուշաբթի օրը հայտարարել է, թե շաբաթավերջին Կազանում կայացած Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունները «առաջընթաց քայլ էին, սակայն շատ լուրջ առաջընթացի մասին խոսելը առայժմ վաղաժամ է»:

«Պրահայի գործընթացի շրջանակներում քննարկվում են հակամարտության կարգավորման 7-9 տարրեր, եւ որոշ տարրերի շուրջ կա որոշակի առաջընթաց: Բանակցությունների օրակարգում են օկուպացված տարածքների ազատման, փախստականների վերադարձի եւ Ադրբեջանի ու Նախիջեւանի միջեւ հաղորդակցության վերականգնման հարցերը», - ըստ «Ասոշիեյթեդ Փրես» գործակալության, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Էլմար Մամեդյարովը հրաժարվել է պատասխանել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հանրաքվեի անցկացման հնարավորության մասին հարցին՝ նշելով, թե «այդ հարցը չպետք է դիտարկվի հակամարտության կարգավորման մյուս տարրերից անջատ»:

«Ինչ վերաբերում է կողմերի հաջորդ հանդիպմանը, ապա Բաքվին եւ Երեւանին պետք է որոշ ժամանակ՝ վելուծելու Կազանի հանդիպման արդյունքները», - ամփոփել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG