Մատչելիության հղումներ

Բրյուսելը նախազգուշացնում է պաշտոնական Անկարային


«Այն, որ պաշտոնական Անկարան խուսափում է պաշտոնապես ճանաչել Կիպրոսի Հանրապետությունը, բարդացնում է հոկտեմբերի 3-ին նախատեսված Եվրամիության - Թուրքիա բանակցությունների մեկնարկը», - նախազգուշացնում են Բրյուսելից:

«Երբ մեկնարկեն Եվրամիություն - Թուրքիա բանակցությունները, եւ եթե մեկնարկեն՝ ակնհայտ է, որ դրանք վարվելու են բոլոր 25 անդամ-պետությունների հետ», - այսօր Բրյուսելում հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Ֆրանսուազա Lե Բեյլը: Այս հայտարարությունը հետեւել է Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի՝ պաշտոնական Անկարային ուղղված կոչին՝ հստակեցնել դիրքորոշումը Կիպրոսի Հանրապետությունը ճանաչել-չճանաչելու հարցում:

«Թուրքիան պետք է երաշխավորի Եվրամիության բոլոր 25 անդամներին, որ լիակատար կերպով հարգելու է իր ստանձնած բոլոր պարտավորությունները», - նշել էր Ֆրանսիայի նախագահը:

Ավելի վաղ Կիպրոսի արտաքին գործերի նախարար Գեորգիու Իվանուն հայտարարել էր, որ բանակցությունների մեկնարկն առանց Թուրքիայի դիրքորոշման փոփոխության անընդունելի կլինի: Նրա պնդմամբ, անհրաժեշտ է ընդունել Եվրամիության հատուկ հայտարարություն՝ ի պատասխան Թուրքիայի պնդման, թե Կիպրոսի Հանրապետությունը չի ճանաչվելու:

Անկարայի հետ բանակցությունների մեկնարկի հարցը այս շաբաթ կքննարկվի նաեւ Ուելսի Նյուպորտ քաղաքում, ուր կհավաքվեն Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG