Մատչելիության հղումներ

«Ազգային միաբանություն»-ը սահմանադրական նոր առաջարկներ է ներկայացրել


Ուրբաթ օրը «Ազգային միաբանություն» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը Ազգային ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանին նոր առաջարկներ է ներկայացրել սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվելու օգոստոսի 29-ին:

«Ազգային միաբանություն» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության նախագահ Արտաշես Գեղամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ներկայացված առաջարկություններով իրենք փորձում են «միաբանել հանրապետության քաղաքական ուժերին»:

Մասնավորապես առաջարկվում է նախագծի անցումային դրույթներում ավելացնել հետեւյալ կետերը. - «Սահմանադրական բարեփոխումները ընդունելուց հետո լուծարել Ազգային ժողովը, նոր Սահմանադրության գործելու պայմաններում կազմակերպել Ազգային ժողովի ազատ, արդար, ժողովրդավարական, թափանցիկ ընտրություններ: Նորընտիր Ազգային ժողովը, սահմանադրական փոփոխությունների պահանջների ներքո ձեւավորում է կառավարություն, որից հետո 50-րդ օրը... դադարում են գործել նախագահի լիազորությունները, անցկացվում են նախագահական արտահերթ ընտրություններ»:

Դրանով, ըստ Գեղամյանի, «շանս է տրվում իշխանություններին եւ կոալիցիային վստահեցնել ժողովրդին, որ իրենք գործում են հանուն սահմանադրական բարեփոխումների եւ որ ճիշտ չեն ընդդիմության ներկայացուցիչները, թե ստեղծված իրավիճակում, այս իշխանությունների օրոք հնարավոր չէ անցկացնել ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ հանրաքվե»:

«Արդարություն» դաշինքի ղեկավար անդամ Շավարշ Քոչարյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ Արտաշես Գեղամյանը նշված առաջարկությունները ներկայացրել է դեռ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենի հետ հանդիպման ժամանակ: Շավարշ Քոչարյանի համոզմամբ, իշխանությունները չեն ընդունի դրանք: Նա փաստարկեց, թե անգամ «Արդարություն» դաշինքի ներկայացրած՝ իր ձեւակերպմամբ «նվազագույն» առաջարկները չեն ընդունվելու իշխանությունների կողմից:

Շավարշ Քոչարյանի կարծիքով, ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմության կողմից ներկայացված որեւէ առաջարկություն չի ընդունվելու, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների ողջ գործընթացի ժամանակ կատարվել են միայն այնպիսի փոփոխություններ, որոնք ընդունելի են եղել գործող նախագահի համար:

Արտաշես Գեղամյանը ասաց նաեւ, որ եթե առաջարկությունները չընդունվեն, ժողովրդի համար ակնհայտ կդառնում, որ «կոալիցիայի մաս կազմող կուսակցությունները, երբ խոսում էին սահմանադրական փոփոխությունների բախտորոշ լինելու մասին, առնվազն խորամանկում էին»:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG