Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դեմ է ԱՊՀ երկրների վրա միջազգային ճնշմանը


Կազանում այսօր կայանալու է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստը, որի քննարկման հիմնական առարկան լինելու է ԱՊՀ կառույցների բարեփոխման եւ կատարելագործման խնդիրը:

Քննարկմանը մասնակցելու են ԱՊՀ անդամ երկրների բոլոր ղեկավարները, բացառությամբ՝ Թուրքմենստանի նախագահի (գագաթնաժողովում երկիրը ներկայացնելու է փոխվարչապետ Աղանիյազ Ակիեւը):

Վերջին շրջանում Ռուսաստանում ավելի հաճախ են հնչում ԱՊՀ գործընկերների եւ Արեւմուտքի հետ ԱՊՀ տարածքում նոր հարաբերություններ ձեւավորելու մասին կարծիքներ: Ըստ ռուսաստանյան որոշ լրատվամիջոցների, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր դեռեւս այս տարվա մարտ ամսին հստակ արտահայտել էր երկրի դիրքորոշումը այս հարցում:

«Ես գտնում եմ, որ պահպանել ԱՊՀ-ն, անշուշտ, պետք է: Դրանում բոլորն են շահագրգռված՝ անկախ իշխանության եկող եւ դրանից զրկվող ուժերի «ներքաղաքական գունավորումից»: Խնդիրները մնում են, եւ մարդիկ սպասում են դրանց լուծմանը», - մարտ ամսին Երեւանում հայտարարել էր Վլադիմիր Պուտինը:

ԱՊՀ գագաթնաժողովի նախօրեին Ռուսաստանի դիրքորոշումը կրկին անգամ հնչեցրել էր արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը՝ հայտարարելով, թե «Ռուսաստանը ԱՊՀ-ում ունի իր կենսական շահերը եւ հետեւողականորեն իրականացնելու է դրանք»:

«Մենք ամենեւին չենք գտնում, որ միջազգային խաղացողները չեն կարող հատուկ հետաքրքրություններ եւ շահեր ունենալ ԱՊՀ երկրներում», - նշել էր Կարասինը: - «Ներկայումս արտառոց չի թվում Համագործակցությունում այս կամ այն գործընթացներին Միացյալ Նահանգների կամ Եվրամիության մասնակցությունը»:

«Սակայն մենք չենք կարող համաձայնել նաեւ հետխորհրդային տարածքի «բռնի ժողովրդավարացման» մեթոդներին՝ լինի դա «գունավոր հեղափոխություն», թե գործող իշխանությունների վրա տեղեկատվական-քաղաքական ճնշում, քանի որ դա տանում է դեպի ապակայունացում եւ ծայրահեղականության աճ», - ավելացրել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG