Մատչելիության հղումներ

logo-print

Ռայսը հուսով է, որ հայ-ադրբեջանական բանակցությունները վճռորոշ կլինեն


Հինգշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ՝ քննարկելով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա վճռորոշ հանդիպումը:

Ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմը տեղեկացրել է, որ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ մեծապես կարեւորում է շաբաթ օրը Կազանում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Կոնդոլիզի Ռայսը հույս է հայտնել, որ բանակցությունները կխթանեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Նույնպիսի հույսեր է արտահայտել նաեւ Ադրբեջանի նախագահը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի, ֆրանսիացի եւ ռուսաստանցի համանախագահները անցած ամիս ակնարկել էին, թե Իլհամ Ալիեւը եւ Ռոբերտ Քոչարյանը Կազանում կարող են վճռական առաջընթաց գրանցել բանակցություններում:

Հուլիսի 27-ին Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Պոլա Դոբրյանսկին նույնպես նշել էր, որ Կազանի հանդիպումը կարող է վճռորոշ լինել:

Նախագահների բանակցություններին նախորդել է արտգործանախարարների հանդիպումը, որից հետո Օսկանյանն ու Մամեդյարովը արտահայտել էին զգուշավոր լավատեսություն:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG