Մատչելիության հղումներ

«Կայունություն» հասարակական միավորումների միությունը աշխատելու է Սահմանադրական հանրաքվեի «դրական արդյունքը ապահովելու» ուղղությամբ


Երեւանում այսօր տեղի ունեցավ մի շարք հասարակական կազմակերպությունների հավաք, որի նպատակը ծրագիր մշակելն էր՝ «մեր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ» Սահմանադրական փոփոխություններում «դրական արդյունք ապահովելու համար»:

Թեեւ հավաքն սկսվելուն պես ներկա լրագրողներին բաժանվեց մի տեղեկանք եւ նշվեց, թե 54 հասարակական կազմակերպություններ արդեն ստորագրել են համապատասխան փաստաթուղթը, սրահում ներկաների թիվը հազիվ էր անցնում երեք տասնյակից:

Այս ակցիան գլխավորող Առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը համոզմունք հայտնեց, թե այնպիսի ռեսուրսներով, ինչպիսին «Կայունություն» հասարակական միավորումների միությունն է, իրենք կկարողանան լավագույնս փոխանցել ժողովրդին Սահմանադրության փոփոխությունների ընդհանուր գաղափարը, ինչով եւ կապահովվի նոյեմբերին կայանալիք հանրաքվեի դրական արդյունքը:

Փաստաթուղթը ստորագրած հասարակական կազմակերպությունների մեծ մասը, մինչդեռ, հասարակությանն անծանոթ կազմակերպություններ են՝ օրինակ, Երեւանի օժանդակ օրինապահ ջոկատներ, «Ընտանիքը ընտանիքին» կամ «Ցոլինե» բարեգործական, մշակութային, իրավապաշտպան կազմակերպությունները:

«Կայունության» մեկ այլ ներկայացուցիչ` Հայաստանի նախագահի նախկին խորհրդական Ռազմիկ Դավոյանը իր ելույթում անդրադարձավ նաեւ ընդդիմությանը:

«Նրանք, սրբացածի լուսապսակը իրենց գլխին առած, մտածում են, որ իրենք են այն սրբերը, որոնք հայ ժողովրդի փրկության առաջնորդներն են, մունետիկներն են, կրողներն են, իրագործողներն են: Իրականում զուտ իշխանության ձգտում է», - ասաց Դավոյանը՝ ավելացնելով, թե չպետք է թույլ տալ, որ «Սահմանադրությունը տապալելու ընդդիմության ցանկությունը իրականություն դառնա»:

Հավաքի ավարտին մասնակիցներից մի քանիսի հետ զրույցներից պարզվեց, որ նրանցից ոմանք չգիտեն անգամ, թե Սահմանադրության բարեփոխումների փաթեթն իրենից ինչ է ներկայացնում:

Հարցին, թե ծանո՞թ են արդյոք սահմանադրական բարեփոխումներին, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը ստացավ հետեւյալ պատասխանները՝ «Մանրամասն չգիտեմ» («Կանայք եւ ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ), «Բոլորովին ծանոթ չեմ» (Արագածոտն մարզի «Ծիծեռնակ» հաշմանդամ երեխաների ծնողների հասարակական կազմակերպության նախագահ), «Այսօր ենք ծանոթացել» («Աստղիկ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ):


Աստղիկ Բեդեւյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG