Մատչելիության հղումներ

Աբդուլլա Գյուլը կմասնակցի Ստամբուլում հայկական հարցին նվիրված միջազգային գիտաժողովին


Սեպտեմբերի 23-ից 25-ը Ստամբուլում կայանալիք «Օսմանյան հայերը կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» միջազգային գիտաժողովին կմասնակցի եւ բացման խոսքով հանդես կգա Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլա Գյուլը:

«Թուրքիան չի խուսափում հայկական հարցը քննարկելուց, երկյուղելու կամ վախենալու բան չունենք: Ես դեռեւս մայիսին էի նշում, որ գիտաժողովը հետաձգելու կարիք չկա: Թող թուրքական հասարակությունը հանգիստ պայմաններում քննարկի այս հարցը եւ գա ընդհանուր հայտարարի», - ըստ «Հյուրիեթ» թերթի, հայտարարել է Աբդուլլա Գյուլը:

«Հյուրիեթ»-ը նաեւ հաղորդում է, որ գիտաժողովի կազմակերպիչների՝ Ստամբուլի Բողազիջի (Բոսֆորի) համալսարանի ռեկտոր Այշե Սոյսալը եւ Սաբանչի համալսարանի ռեկտոր Թոսուն Թերզիօղլուի համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ «գիտաժողովում առաջ քաշվող տեսակետերը չեն կարող պարտադիր լինել հասարակական-քաղաքական միությունների համար», եւ որ «այդ տեսակետերը բաց են ակադեմիական շրջանակներում ցանկացած քննադատության համար»:

Հիշեցնենք, որ հայկական հարցին նվիրված միջազգային գիտաժողովը պետք է կայանար մայիսի 25-ին, սակայն հետաձգվել էր անորոշ ժամանակով: Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը թուրք պատմաբանների նախաձեռնությունը անվանել էր «թուրք ժողովրդի մեջքին խրված դաշույն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG