Մատչելիության հղումներ

logo-print
ԱՄՆ նախկին սենատոր, հայամետ հայացքներով հայտնի Բոբ Դոուլը ողջունել է անցած շաբաթ թուրք գիտնական Եքթան Թյուրքիլմազի ազատ արձակումը եւ շնորհակալական նամակ է հղել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

«Ուզում եմ իմ անկեղծ շնորհակալությունը հայտնել Ձեզ եւ ձեր ժողովրդին հունիսի 17-ից կալանքի տակ գտնվող Դյուկ համալսարանն ավարտող ուսանող Եքթան Թյուրքիլմազին ազատ արձակելու կապակցությամբ», - ասված է նամակում: - «Եքթանի ազատ արձակումը խորհրդանշում է վճռորոշ առաջընթաց քայլ Հայաստանի՝ ժողովրդավարության հանձնառության ճանապարհին»:

Այս նամակն իր հնչերանգներով էապես տարբերվում է նախկին սենատորի՝ օգոստոսի 2-ի նամակից, որում նա նախագահ Քոչարյանին գրել էր. - «Ձեր կողմից Եքթանին յոթ շաբաթով ազատազրկելը՝ անկախ հիմքերից, ուշադրություն կսեւեռի Հայաստանի կողմից ժողովրդավարական զարգացումը ձախողելու վրա»:

Հայտնի չէ՝ արդյոք նախագահ Քոչարյանը պատասխանել էր նախկին սենատորի առաջին նամակին, թե ոչ:

Թուրքիայի քաղաքացի, ազգությամբ քուրդ Եքթան Թյուրքիլմազը ձերբակալվել էր հունիսի 17-ին Երեւանի «Զվարթնոց» օդակայանով Ստամբուլ մեկնելիս: Նա չէր հայտարարագրել պատմամշակութային արժեք ներկայացնող 89 հնատիպ գրքեր, ձեռագրեր, բրոշյուրներ եւ ամսագրեր, իսկ դրանցից 7-ի համար չէր ներկայացրել օրենքով պահանջվող արտահանման իրավունքի վկայագրեր:

Օգոստոսի 16-ին Երեւանի Մալաթիա, Սեբաստիա համայնքների առաջին ատյանի դատարանը Եքթան Թյուքիլմազին մեղավոր էր ճանաչել մեկ գիրք մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս բերելու, իսկ մյուս 88 մշակութային արժեքները՝ մաքսանենգ ճանապարհով երկրից դուրս բերելու փորձի մեջ՝ նրան դատապարտելով պայմանական ազատազրկման: Թյուրքիլմազը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից:


Էմիլ Դանիելյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG