Մատչելիության հղումներ

Չորեքշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի հերթական հանդիպումը: Քննարկվեցին ղարաբաղյան կարգավորման օրակարգային հարցերը՝ Պրահայի գործընթացի շրջանակներում:

«Սա հերթական հանդիպում էր: Ընդհանուր նորմալ անցավ», - հանդիպումից հետո «Ազատություն» ռադիոկայանին ասաց Հայաստանի արտգործնախարարը: - «Օրակարգային հարցերը շարունակեցինք քննարկել, որոնցից մի քանիսը, ես կարծում եմ, նախագահների ուշադրությանը կհանձնվի Կազանի հանդիպման ընթացում»:

Օսկանյանը հրաժարվեց հրապարակել մանրամասներ՝ ասելով. - «Եթե նախագահները [Կազանի հանդիպումից հետո] ուզենան խոսել դրա մասին, դա արդեն իրենց իրավասությունների մեջ է մտնում»:

«Նախագահները մի քանի հարցերի առավել ուշադրությամբ կանդրադառնան Կազանում», - շարունակեց նա: - «Դրանից հետո արդեն նախագահները որոշումը կլինի՝ եթե ուզենան որեւէ մանրամասներ հաղորդել այդ կապակցությամբ»:

Վարդան Օսկանյանը միանշանակորեն պնդեց, որ գալիք շաբաթ օրը Կազանում որեւէ փաստաթուղթ չի ստորագրվելու:

«Ուղղակի մոտ չենք նման իրավիճակի: Քննարկումները կշարունակվեն: Եթե նախագահները որոշեն մամուլին ինչ-որ բան ասել, դա արդեն նախագահների որոշումը կլինի», - եզրափակեց Հայաստանի արտաքին գործերի նախարարը:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG