Մատչելիության հղումներ

Հայկական հարցին նվիրված միջազգային գիտաժողովը Թուրքիայում կկայանա սեպտեմբերի վերջին


Հայկական հարցին նվիրված միջազգային գիտաժողովը, որը պետք է կայանար Թուրքիայում անցած մայիսին եւ անորոշ ժամանակով հետաձգվել էր բարձրաստիճան թուրք պաշտոնյաների սուր քննադատությունից հետո, տեղի կունենա գալիք սեպտեմբերի վերջին:

Ստամբուլում հրատարակվող հայկական «Ագոս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը այս կապակցությամբ հույս է հայտնել, որ գիտաժողովը կարտացոլի ժոողովրդավարացման ճանապարհին զգալի քայլեր կատարած Թուրքիայի իրական պատկերը:

«Գիտաժողովի հետաձգումը թանկ նստեց Թուրքիայի վրա, քանի որ դրա հետեւանքով ձեռք բերված հակաժողովրդավարական հեղինակությունը չի արտացոլում Թուրքիայի իրական պատկերը», - Turkish Daily News-ին ասել է Դինքը՝ միաժամանակ հաստատելով, որ արդեն ստացել է սեպտեմբերի 23-ից 25-ը կայանալիք գիտաժողովին մասնակցելու հրավերը:

Ստամբուլի Բողազիջի համալսարանի նախաձեռնությամբ մայիսի 25-ին պետք է կայանար «Օսմանյան հայերը կայսրության փլուզման շրջանում. գիտական պատասխանատվության եւ ժողովրդավարության հարցեր» միջազգային գիտաժողովը, որը, սակայն, հետաձգվել էր անորոշ ժամանակով: Թուրքիայի արդարադատության նախարար Չեմիլ Չիչեկը թուրք պատմաբանների նախաձեռնությունը անվանել էր «թուրք ժողովրդի մեջքին խրված դաշույն»:

«Մենք պետք է վերջ տանք այս դավաճանությանը», - խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր Չիչեկը:

Արդարադատության նախարարի այս հայտարարությունը արժանացել էր Եվրոպայի խիստ բացասական արձագանքին, եւ, ըստ որոշ պաշտոնյաների, «կարող էր ապարդյուն դարձնել եվրաինտերգման հարցում Թուրքիայի ակնկալիքները»:

«Թուրքիային երկար ժամանակ կպահանջվի համոզելու Եվրոպային, որ խոսքի ազատության իրավունքի բարեփոխումը շարունակում է մնալ Թուրքիայի առաջնային նպատակներից մեկը», - ասել էր Թուրքիայում Եվրամիության բարձրաստիճան մի ներկայացուցիչ:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG