Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանը մտադիր չէ ԱՄՆ-ի ռազմակայաններ տեղակայել իր տարածքում»


Բրիտանական Sky News հեռուստաալիքի հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ հանրապետության տարածքում ամերիկյան ռազամակայանների տեղակայում նախատեսված չէ:

«Բանակցություններ այդ կապակցությամբ մենք չենք վարում, եւ ես չեմ գտնում, որ երկրում այս կամ այլ պետության ռազմակայանի տեղակայումը կնպաստի մեր անվտանգությանը», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ալիեւի խոսքերով, Ադրբեջանում այլ պետության ռեազմակայանի տեղակայման մասին տեղեկությունները «ասեկոսեներ են, որոնք առանձին դեպքերում տարածվում են միտումնավոր կերպով»:

«Այս կապակցությամբ Միացյալ Նահանգների հետ մենք բանակցություններ չենք վարում», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը՝ շեշտելով նաեւ, որ «Վաշինգտոնի պաշտոնատար անձինք բազմիցս հայտարարել են, որ ռազմակայանների տեղակայում չեն նախատեսում»:

«Մենք ունենք թիվ մեկ խնդիր՝ գրավյալ տարածքների ազատագրումը: Այդ տեսակետից էլ որոշում ենք մեր համագործակցության բոլոր ասպեկտները», - նշել է Ալիեւը:

Նա նաեւ ասել է, որ Ադրբեջանը դեմ է Իրանի նկատմամբ որեւէ ռազմական գործողություններ իրականացնելուն. - «Մենք չենք կարող կանխատեսել առաջիկա իրադարձությունները: Ամեն ինչ կարող է պատահել: Եվ ո’չ իմ պատվերով: Սակայն գտնում եմ, որ լուրջ հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով», - ասել է Իլհամ Ալիեւը:

Նա շեշտել է, որ հանուն տարածաշրջանային կայունության միջազգային հանրությունը կոչ է անում Ադրբեջանին ձեռնպահ մնալ «Հայաստանի կողմից արդեն 10 տարուց ավելի օկուպացված տարածքների» ռազմական ճանապարհով ազատագրումից:

«Այդ դեպքում, ինչո՞ւ մենք պետք է անտարբեր մնանք մեր սահմանների մոտ ծավալվող նոր հակամարտության նկատմամբ: Կծառայի՞ այն Ադրբեջանի անվտանգության ամրապնդմանը: Ոչ», - նշել է Իլհամ Ալիեւը:

«Եթե Ադրբեջանն այսօր՝ չնայած հողերի օկուպացմանը, ձգտում է հակամարտությունը կարգավորել խաղաղ ճանապարհով, ապա մենք իրավունք ունենք դիմել այլ երկրներին՝ ցանկացած բռնությունից հրաժարվելու խնդրանքով», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը եւ ավելացրել. - «Գտնում եմ, որ միջազգային հարաբերություններում պետք է ընդհանուր մոտեցում կիրառվի: Մենք դեմ ենք պատերազմին ու արյունահեղությանը: Կարծում եմ, ամենաընդունելի տարբերակը բանակցություններն են: Լավագույն մեթոդը հակառակորդին համոզելն ու ընդհանուր մոտեցում կիրառելն է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG