Մատչելիության հղումներ

logo-print

Անվանի գրողը ակնկալում է, որ Սփյուռքը պահանջատեր լինի Հայաստանում ժողովրդավարության կայացման հարցում


Հայ անվանի գրող Պերճ Զեյթունցյանի համոզմամբ, հայկական սփյուռքը, ավանդական պահանջատիրությունից զատ, պետք է պահանջատեր լինի նաեւ Հայաստանում ժողովրդավարության կայացման, մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության հաստատման առումով:

«Սփյուռքը պետք է պահանջատեր լինի ոչ միայն այն հարցում, որը հիմա մերը չէ, այլեւ պահանջատեր լինի էն Հայաստանի, որ, փառք Աստծո, այսօր կա», - երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զեյթունցյանը՝ պարզաբանելով. - «Այսինքն՝ միշտ զգանք բարեկամական բան, որ «Էս ի՞նչ եք անում»... Այ դա չկա»:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ Սփյուռքը չի բարձրացնում այդ հարցերը, ավելի հաճախ ու ավելի սուր չի խոսում Հայաստանում ժողովրդավարության եւ դրան առնչվող խնդիրների մասին, գրողը պատասխանեց. - «Հյուրի հոգեբանություն դեռ ունեն, որ... հարմար չէ: Սխալ են մտածում: Նրանք պիտի պահանջատեր լինեն, ասեն՝ կարգին պահեք ձեզ... Այստեղ էլ կարող է սթափվեն եւ, եթե չլսեն՝ զգուշանան գոնե»:

Ասուլիսը հրավիրվել էր օրերս Լիբանանում անցկացված «Հայաստան - սփյուռք գործակցության հեռանկարների որոնում» թեմայով համաժողովի առիթով: Զեյթունցյանը Հայաստանից գիտաժողովին մասնակցած մտավորականների թվում էր: Նրա խոսքերով, սփյուռքի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ մեծապես կախված է նրանից, թե ինչպիսի երկիր է Հայաստանը: Նշելով, որ շատ հաճախ են հոլովվում «հզոր Հայաստան», «հզոր Հայրենիք» բառակապակցությունները, Զեյթունցյանը ասաց, որ փոխարենը հարկավոր է խոսել «նորմալ, բարեկեցիկ» հայրենիքի մասին, որտեղ հարգվում են օրենքները:

«Եթե մենք դառնանք վերջապես մի օր օրենքի երկիր, ամեն ինչ մեր երկրում հիմնված լինի օրենքի վրա, մարդը կախված լինի օրենքից եւ ոչ թե օրենքը մարդուց... Օրենքի երկիր դառնալ՝ նշանակում է բարոյական երկիր դառնալ: Այ եթե օրենքի երկիր դառնանք, սփյուռքահայը կհպարտանա Հայաստանով»:


Աննա Սաղաբալյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG